Հայաստանի Ազգային Ժողովում ներկայացված իշխանությունն ու չիշխանությունը ցնծության մեջ են: Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրին խորհրդարանական 5 խմբակցություններ կողմ են քվեարկել: 103 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քաղաքական դաս կոչվածն իր լուռ հնազանդությունը հայտնեց՝ նկատենք, ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Պուտինին: Սակայն, ՀՀԿ-ականները հերթական «հաղթանակը» շտապում են վերագրել իրենց կուսակցական ղեկավարին, հայտարարելով թե ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունը փաստում է որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայելում է նաեւ ոչ իշխանական խմբակցությունների համակրանքը, եւ հետեւաբար սին են այն պնդումները, թե օր առաջ պետք է ազատվել նրանից:
Ստացվում է` Շարմազանովը (եթե ասում ենք Շարմազանով, Աշոտյանն էլ հետն է) ճիշտ է, եւ իսկապես Սարգսյանը վայելում է քաղաքական կուսակցությունների համակրանքը, հակառակ պարագայում ԵՏՄ-ին կողմ քվեարկած պատգամավորներն առավել ազնիվ կլինեին եթե հայտարարեին, որ իրենք կողմ են ոչ թե Սարգսյանին, այլ Պուտինին: Փոխարենը ժողովրդական լեզվով ասած խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները, ժողովրդական լեզվով ասած ՀՀԿ-ական գործիչների «բերանը լեզու» դրեցին իրենց այս անհեռանկարային որոշմամբ:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովն հայտարարել էր, որ տեղի ունեցածը այսինքն ԵՏՄ պայմաագրի քվեարկությունը ցույց է տալիս, որ նրանք ճիշտ են համարում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունն ու ծափահարում քաղաքական կուրսին:
«Դուք հիշում եք, թե ինչ քննադատության ալիք բարձրացավ, երբ ղեկավարներն իրար հերթ չտալով քննադատում էին նախագահի որոշումը, ասում էին վասալական պայմանագիր է, բայց այսօր 103 կողմ գրանցվեց», ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը:
Սա տեղի ունեցածի թերեւս մի կողմն է: Խորհրդարանում ներկայացված ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունները (Ժառանգությունը դեմ է քվեարկել) ՀՀ-ը չեն արտացոլում, եւ ԵՏՄ անդամակցության հարցը պետք է դրվեր հանրաքվեի: Ժամանակին Սերժ Սարգսյանին` նույն այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեղադրում էին մեկ գիշերվա ընթացքում որոշում կայացնելու մեջ, հիմա փաստացի նրանք իրենց այս քայլով օրինականացրին գիշերվա ընթացքում տեղի ունեցածը: Հետեւաբար, ՀՀԿ-ին այլ ելք չի մնում, քան օր առաջ ազատվել չիշխանությունից, եւ իրականացնել ամբողջական ընդդիմափոխություն:
Կարեն Մեսրոպյան