Հայաստան Քաղաքական Վերլուծական 

Ր. Հովհաննիսյանը կուլիսներից տեղափոխվում է հրապարակային դաշտ

Օրերս Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ-ի հարցերին ու կարծիք հայտնել, որ եռյակն ունի մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն:

Հովհաննիսյանը հավելել է, որ եռյակի ղեկավարներին տևապես հրավիրում է հանդիպումների: Նրա դիտարկմամբ՝ բնական է, որ քաղաքական գործընկերները, նույնիսկ եթե ունենան տարաձայնություններ, պիտի հաղորդակցության խողովակները բաց պահեն:

Ինչպես երևում է «Ժառանգության» ղեկավարի հայտնած տեսակետից, ինքը դժգոհ է եռյակում դոմինանտ քաղաքական ուժի` ԲՀԿ-ի, գուցե նաև ՀԱԿ-ի վարքագծից: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ի ընտրած պայքարի մեթոդները էական տարբերություններ ունեին «Ժառանգության» ու ՀԱԿ-ի մեթոդներից:

Այսպիսով՝ չկարողանալով կուլիսներում համաձայնության գալ, ԲՀԿ-ի հետ` ընդհանուր մարտավարության ընտրության հարցում, Ր. Հովհաննիսյանը փորձում է հարաբերությունները տեղափոխել ավելի հրապարակային դաշտ ու այնտեղ որոշ առավելություն ձեռք բերել ԲՀԿ-ի նկատմամբ:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Ր. Հովհաննիսյանը ընդգծել է երեք ուժերի՝ հատկապես խորհրդարանական համագործակցությունը: Դա նշանակում է, որ փողոցային ու արտախարհրդարանական պայքարի եղանակները մղվել են երկրորդ պլան, ու որոշ առումով, եռյակի ուժերը համակերպվել են այդ իրողության հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի` Երևանում, Վանաձորում ու Գյումրիում կազմակերպած հանրահավաքները, մեծ հաշվով պատասխանն են ԲՀԿ ղեկավարի` մեծ ու փոքր ՀԿ-ների ու քաղաքական առումով արդեն դիակ դարձած կուսակցությունների ղեկավարների հետ սեպարատ հանդիպումների: Այդ քաղաքական ակտերով յուրաքանչյուրն ուզում է ընդգծել իր կշիռն ու հետ չմնալ ներեռյակային մրցակցությունից:

 

Կարեն Մեսրոպյան

Նույն շարքից