Հայաստան Քաղաքական Վերլուծական 

Ի՞նչ կարելի է սպասել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից

Հայաստանի անկախացումից հետո  հարևան Իրանի հետ արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Ստեղծվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողով, որը մինչ օրս էլ աչքի է ընկնում իր արդյունավետ գործունեությամբ:



Դեկտեմբերի 15-16-ը Թեհրանում կկայանա Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: Սա Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ  հանձնաժողովի թվով 12-րդ  նիստն է:

Վերոնշյալ հանձնաժողովի նիստի անցկացման պատասխանատուն է Իրանի էներգետիկայի նախարարությունը:


Նիստին մասնակցելու են  Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը, ՀՀ-ի Էներգետիկայի և էկոնոմիկայի նախարար Երվանդ Զախարյանն ու Հայաստանի  ֆինանսների, գյուղատնտեսության, արտաքին գործերի, քաղաքաշինության, առողջապահության և մշակույթի նախարարներից կազմված (9 անձ) պատվիրակությունը:


Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կողմերը  կբանակցեն համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի շուրջ, կքննարկեն նաև էլեկտրաէներգիային ու էլեկտրակայաններին առնչվող խնդիրներ:


Այսօր Հայաստանն իր էներգետիկ ներուժի իրականացման ուղիներ է փնտրում, ինչը հնարավոր է միայն օտարերկրյա պետական և մասնավոր ընկերությունների հետ ակտիվ համագործակցությամբ: Դա ենթադրում է փորձի փոխանակում, նոր տեխնոլոգիաների ներդրում, բիզնեսի վարում երկուստեք շահավետ և ընդունելի պայմաններով: Այս գործընթացում Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունի սահմանակից Իրանը:


Տեղեկացնենք, որ համաձայն Իրանի հետ էներգիայի փոխանակման պայմանագրի, Հայաստանը գազի ներկրման դիմաց Իրան է արտահանում էլեկտրաէներգիա: Ի դեպ, հենց այդ նույն պայմանագրով, Հայաստանն Իրանից 1 խմ գազ ներկրելու դիմաց հարևան երկրին է տրամադրում 3 կվտ էլեկտրաէներգիա:


Ի դեպ, վերջերս Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը տեղեկացրել էր, որ իրանական ընկերությունները շուտով կսկեն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները, որը կարևոր է Հայաստանի համար:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992-ին` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ:


Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվում է կրկնվող մեկ միտում՝ հայ-իրանական բազմաթիվ երկկողմ նախագծեր հետաձգվում են այն պատճառով, որ դրանք միայն երկու երկրների հարաբերություններից  կախված չեն: Սակայն, Հայաստանն Իրանի իրապես միակ իրական դաշնակիցն է, որի հետ լուրջ ռազմաքաղաքական խնդիրներ չկան, հակառակը՝ կան ընդհանրություններ ու շահեր:


Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, Երևանի և Թեհրանի վաղեմի բարկամությունը, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների սերտ բարիդրացիական հարաբերությունները, միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ Հայաստանի և Իրանի ընդհանրությունը կարևոր դեր են խաղացել և այսօր էլ խաղում են Հայաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում:

 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից