«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ի հայտ գալը փոխել է Իրանի դերակատարությունը տարածաշրջանում: Թեհրանը կողմ հանդես եկավ Բաղդադում գերակշռող շիական վարչակարգին, իսկ դա շատ կարևոր է՝ ինչպես Իրանի հետաքրքրությունների, այնպես էլ ազգային անվտանգության պահպանման տեսանկյունից: Թեհրանը գտնում է, որ «Իսլամական պետությունը» ի վիճակի է հզոր հարված հասցնելու Բաղդադի կառավարությանը, և հետևանքը կարող է դառնալ այն, որ Իրաքում Իրանի դիրքերը կվատանան:
Իրանական մի քանի զինվորական միավորումներ արդեն տեղակայվել են Արևելյան Քուրդիստանում: Ո՛չ Իրանին, ո՛չ էլ ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ «Իսլամական պետությունը» վերահսկի թեկուզ Իրաքի միայն մի մասը: Երկու կողմն էլ ցանկանում է ոչնչացնել «Իսլամական պետությունը», որպեսզի Բաղդադի կառավարությունը բնականոն գործի ամբողջ երկրում:
Այս խնդրի հետ կապված ԱՄՆ-ն Իրանի հետ տարաձայնություններ չունի: Վերջինս Իրաքի հարավում երաշխավորում է անվտագությունը: Իրանն էլ, իր հերթին, առարկություններ չունի ամերիկամետ Իրաքի Քուրդիստանի դեմ, քանի դեռ Բաղդադի շիական կառավարությունը վերահսկում է երկրի հարավում գտնվող նավթահորերը, որոնք ապահովում են հիմնական դրամական հոսքը:
«Իսլամական պետության» հայտնվելուց ի վեր, առաջ եկան ԱՄՆ-Իրան ընդհանուր հետաքրքրություններ: Թեև դեռես լուծված չէ Իրանի միջուկային խնդրի հարցը, այդուհանդերձ, բազմիցս բարձրաձայնվել է ընդդեմ «Իսլամական պետության» իրանաամերիկյան ռազմական համագործակցության հնարավորությունների մասին: Այդ է պատճառը, որ 2014-ի նոյեմբերին հենց այս հարցի շուրջ համաձայնության բացակայությանը երկու կողմերն էլ հանգիստ արձագանքեցին: Ներկայումս, ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ցանկանում երկուստեք լարված հարաբերություններ ունենալ:
Բնականաբար, այս ամենը մտահոգիչ է տարածաշրջանում Իրանից և Թուրքիայից հետո երրորդ խոշոր պետության`Սաուդյան Արաբիայի համար: Էր-Ռիադն Թեհրանին Պարսից ծոցում դիտարկում է իր հիմնական մրցակիցը, երկյուղում, որ այն կարող է ապակայունացնել վիճակը Սաուդյան Արաբիայում:
Վերջին 70 տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայի համար ազգային անվտանգության միակ երաշխավորը եղել է ԱՄՆ-ը: Հետևաբար, Սաուդյան Արաբիային ընդհանրապես ձեռնտու չէ Իրան-ԱՄՆ հարաբերությունների «ջերմացումը»:
Էր-Ռիադին դուր չի գալիս նաև, որ Վաշինգտոնը էներգիայի ձեռքբերման տեսակետից ինքնուրույնացել է: Բնականաբար, ԱՄՆ-ի համար նվազել է Սաուդյան Արաբիայի քաղաքական նշանակությունը:
Ինչքան ուժեղ լինի «Իսլամական պետությունը», այնքան ամուր կլինեն Իրան-ԱՄՆ հարաբերությունները: Իրողություն, որը հակասում է Սաուդյան Արաբիայի շահերին: Ընդհակառակը, Էր-Ռիադին հարկավոր են իրանաամերիկյան լարված հարաբերություններ:
Իր հերթին ԱՄՆ-ը չի ընդունի բազմազգ իսլամական խալիֆայության առկայությունը, որը մերժում է այդ երկրի ներկայությունը տարածաշրջանում:
Անկախ կրոնական և գաղափարական գործոններից, Թեհրան-Վաշինգտոն դաշինքը սպառնում է սաուդյան վարչակարգի գոյատևմանը: Ի դեպ, «Իսլամական պետությունն» այլևս չի համակրում սաուդյան արքայական ընտանիքին, ընդհակառակը, ասես թե ցանկություն ունի ընդլայնվել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ևս:
Արմինե Բեգլարյան