Քաղաքական Միջազգային Վերլուծական 

2015-ը Թուրքիայի համար խնդիրների տարի է լինելու. մաս երկրորդ

Բավական բարդ 2014 թվականից հետո ևս Թուրքիան ոչ այնքան հեշտ տարի է սպասվում: Թուրքական իշխանությունները խնդիրների հսկա ցանկ ունեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին դաշտում:

 

2015-ին Թուրքիային սպասում են խորհրդարանական ընտրություններ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սիրիայում և Իրաքում անկայուն իրավիճակը, իսլամացման ուրվականը, Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակը, տնտեսական խնդիրներ և այլն: Կարծում ենք` արժե հայացք գցել 2015-ի թուրքական օրակարգի առանցքային կետերին:

 

 

Սիրիայում և Իրաքում անկայուն վիճակը


Մերձավորարևելյան վերջին գործընթացներն անմիջական ազդեցություն են ունենում Թուրքիայի վրա: Սիրիայի հարցում Թուրքիան շտապեց ընդգծված հակաասադական կեցվածք որդեգրել, սակայն թուրքական հաշվարկներն այնքան էլ ճիշտ չէին: Անկարան իր քայլերով ցույց էր տալիս, թե հավատացած էր` հնարավոր է լինելու Բաշար Ասադից արագ ազատվել, իսկ նրա տեղը լրացնելու են Թուրքիային ավելի լոյալ իշխանություններ: Այդպես չեղավ, և այժմ Թուրքիան ոչ միայն տնտեսական տեսանկյունից է վնասներ կրում, այլ նաև Սիրիայի հյուսիսային հարևանի համար մեծ խնդիր է հարյուր հազարավոր սիրիացի փախստականների հոսքն ու տեղակայումը երկրի տարածքում: Նման անկայուն վիճակը շարունակվելու է նաև 2015 թվականի ընթացքում: Եվ Սիրիայի հարցում Թուրքիան դժվար թե գնա քաղաքականության լուրջ փոփոխության. Անկարան շարունակելու է հակաասադական կուրսը` փորձելով միայն ու միայն նրան մեղավոր համարել հարավային իր հարևանի խնդիրների համար:

 

2014-ի ամռանից Թուրքիայի համար ևս մեկ ակտիվ ճակատ բացվեց Իրաքում, որտեղ ռազմական հաջողությունների արդյունքում զգալի տարածք իր վերահսկողության տակ վերցրեց «Իսլամական պետություն» խմբավորումը, որի հետ թուրքական կողմը շփումներ ուներ նաև Սիրիայում այդ կազմակերպության գործունեության ընթացքում (մասնավորապես, թուրք-սիրիական սահմանի զգալի մի հատված վերահսկվում էր ԻՊ-ականների կողմից): Թեև արևմտյան դաշնակիցների ճնշումներին, Թուրքիան 2014 թվականին չգնաց ԻՊ-ի դեմ զինված առճակատման, և միակ հետքայլն իրաքյան քրդերի զինուժի ստորաբաժանումներին Քոբանի հասնելու համար սեփական տարածքը տրամադրելն էր: Թուրքական կողմն ԻՊ-ի հարցում թշնամական հռետորաբանությունից այն կողմ չանցավ, իսկ որոշ փաստեր ցույց տվեցին, որ Թուրքիա-ԻՊ միջև տարբեր հարցերում անգամ համագործակցության եզրեր կան: Կարելի է նշել էժան նավթի գործոնը, քրդական հարցի տեսանկյունից, հակաասադական դիրքորոշման հարցում Թուրքիայի և ԻՊ-ի շահերի համընկնումը:

 

 2015 թվականին ևս մերձավորարևելյան օրակարգում ԻՊ-ի հարցն առաջնային է լինելու, և Թուրքիայի նկատմամբ այս հարցում ճնշումներն ԱՄՆ-ի կողմից շարունակվելու են: Կախված զարգացումների և ճնշումների ինտենսիվությունից, ինչպես նաև քաղաքական առևտրի արդյունքներից` չի բացառվում, որ թուրքական կողմն ի վերջո ավելի գործուն քայլերի գնա «Իսլամական պետության» դեմ:

 

Ինչպես ժամանակը ցույց է տվել, ԻՊ-ի հարցում Թուրքիայի քաղաքականությունը բացասական է անդրադառնում պետության վրա, և այդ քաղաքականության հետագա շարունակությունը միայն վատթարացնելու է վիճակն Անկարայի համար ինչպես միջազգային իմիջի տեսանկյունից, այնպես էլ իր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում:

 

 

Քրդական հարց

Քրդական հարցը շարունակում է մնալ Թուրքիայի գլխավոր խնդիրը: 2015-ը քրդական հարցի տեսանկյունից նախևառաջ կարևորություն է ստանում խորհրդարանական ընտրությունների գործոնով: «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK), որը 2013 թվականին Անկարայի հետ կնքած զինադադարի ռեժիմը շարունակում է պահպանել, կարող է գալիք ընտրությունները որպես լծակ կիրառել Թուրքիայի դեմ: Թուրքական իշխանությունները, ՔԱԿ-ի դեմ գործողություններով կարող են վնասել ընտրություններում իրենց հաջողությանը, իսկ քրդական ուժը սա լավ է հասկանում, ուստի բանակցությունների ընթացքում այս հաղթաթուղթը պահելու է ձեռքում: «Արդարություն և զարգացում» կուսակցության համար քրդական գործոնը շատ կարևոր է նաև այն պարզ պատճառով, որ կուսակցությանն ու Էրդողանին ձայն տվողների շարքերում մեծ թիվ են կազմում Թուրքիայի քուրդ քաղաքացիները: Սակայն «Իսլամական պետության» հարցում թուրքական իշխանությունների որդեգրած դիրքորոշումը կարող է բերել քրդական ձայների կորստի: Մասնավորապես, Թուրքիայի քրդերը 2014-ի հոկտեմբերին հուզումներ բարձրացրին, երբ թուրքական կողմը չէր ցանկանում միջամտել Քոբանիի դեպքերի և հակաքրդական կեցվածք էր որդեգրել: Ստեղծված իրավիճակից կարող է օգտվել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը` Թուրքիայի խորհրդարանի 10 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարելու համար: Եվ այս համայնապատկերում սպասելի է, որ ԱԶԿ-ն կարող է գնալ որոշ քրդամետ նախաձեռնությունների` քուրդ ընտրողների քվեն ստանալու համար: Այնպես որ 2015-ին քրդական ճակատում ևս հետաքրքիր զարգացումներ, դիմակայություններ և մրցավազք է սպասվում:

 

 

Տնտեսական խնդիրներ

Թեև վերջին տարիներին ընդունված է Թուրքիան դիտարկել որպես մեծ թափով տնտեսական աճ ապրող պետություն, սակայն վերջին տարիներին հաճախ են հնչում կարծիքներ այն մասին, որ թուրքական տնտեսության աճի տեմպերը նվազում են, առաջ են գալիս որոշ խնդիրներ: 2015-ի համար ևս տնտեսագետները կանխատեսում են թուրքական տնտեսության համար աճի տեմպերի նվազում: Թուրքիայի տնտեսության վրա բացասական է անդրադառնում իրավիճակը Սիրիայում և Իրաքում, որոնք ոչ միայն թուրքական ապրանքների սպառման կարևոր շուկա են, այլ նաև տրանզիտային տարածք են Մերձավոր Արևելքի համար: Բացի այդ, երկու պետություններն էլ Թուրքիա վառելիք մատակարարող երկրներն են, իսկ Թուրքիան, որը չունի գազի և նավթի սեփական պաշարներ, մեծ կախում ունի վառելիքի արտաքին շուկայից: Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հետագա շարունակությունը և ռուբլու արժեզրկումը Թուրքիայի համար ևս խնդիրներ կարող են ստեղծել, քանի որ թուրքական զբոսաշրջային ոլորտը միլիարդավոր դոլարների եկամուտ է ապահովում ռուսաստանցիների այցերից, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 33 մլրդ ամերիկյան դոլար: Պետք չէ մոռանալ նաև 2014 թվականի ընթացքում ժամանակ առ ժամանակ Անկարայի` ԱՄՆ-ի և արևմտյան դաշնակիցների հետ հարաբերությունների սրումը, ինչը մեծամբ կապված էր ԻՊ-ի հարցում թուրքական դիրքորոշման հետ: Քաղաքականության նման շարունակության դեպքում չի բացառվում նաև առկա տնտեսական լծակների կիրառումն Անկարայի դեմ նրա իսկ դաշնակիցների կողմից:

 

Այսպիսով, Թուրքիան 2015 է մուտք գործում տարատիպ խնդիրների հսկա պաշարներով, և առջիկա ամիսները ցույց կտան, թե որքան է մեր արևմտյան հարևանը պատրաստ դրանք հաղթահարելու համար:

 

 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ



Հոդվածի մաս առաջինը կարող եք ընթերցել այստեղ

Նույն շարքից