Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Ինչո՞ւ է Պուտինը «եւս մեկ անգամ» զանգահարել ՀՀ նախագահին

analitik.am

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանդից հետո իրադարձությունները զարգացման նոր ընթացք ստացան: Ինչպես հայտնի է,  ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում հայտարարեց, որ կդիմի ռուս  գործընկերոջը՝  Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանդի հիմնական կասկածյալ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով:

 

Իհարկե առայժմ այդպես էլ հստակ ինֆորմացիա չկա, թե դիմել է արդյոք Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազին, թե ոչ: Սակայն ակնհայտ է հետեւյալը, որ պաշտոնական Մոսկվան եւս շահագրգռված է սպանության բացահայտմամբ: Սա ավելի առարկայական դարձավ Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցից հետո:

 

Սակայն կայացած հեռախոսազրույցում մեկ կարեւոր նյուանս կա: Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել է Սերժ Սարգսյանին եւ Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ «եվս մեկ անգամ» ցավակցություն հայտնել նրան, զոհերի հարազատներին եւ ողջ հայ ժողովրդին:

 

Հիմա հարց է առաջանում, ի՞նչ է նշանակում եւս մեկ անգամ: Արդյոք հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդից հետո երկու երկրների ղեկավարների մակարդակով  դարձյալ հեռախոսազրույց է տեղի ունեցել, կամ չի բացառվում նաեւ հանդիպում, ինչն ակնհայտ է, որ գաղտնի է պահվել:

 

Արդյոք «եւս մեկ անգամը» վերաբերում էր սպանության մեջ կասկածվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելուն,  թող տարօրինակ չթվա, հայկական կողմի, եւ առավել եւս գյումրեցիների արդար պահանջին:

 

Սրանք հարցեր են, որոնք ինչպես Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամների առանձնակի դաժան սպանությունից հետո հասարակության մոտ անպատասխան մնացած հարցերի տրամաբանական շարունակությունն են:

Չի բացառվում, որ առկա կրքերը հանդարտեցնելու համար է Վլադիմիր Պուտինը «եւս մեկ անգամ» զանգահարել Սերժ Սարգսյանին: Այն, որ սպանության հետ կապված կան  բազմաթիվ մութ հարցեր, թերեւս ոչ ոքի  մոտ կասկած չի հարուցում:

 

Արդյոք Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվել է սպանության հիմական շարժառիթին, եւ պատասխան տրվել գլխավոր հարցին՝ ինչու՞ ռուս զինծառայողը սպանեց հայ ընտանիքին: Նկատի ունենալով, որ ռուսական կողմը եւս շահագրգիռ է սպանության բացահայտմամբ, ինչպես նաև այն, որ  «եւս մեկ անգամ» ՌԴ նախագահը կապ է հաստատել ՀՀ նախագահի հետ, խոսում է այն մասին, որ առկա մութ հարցերին որոշ պատասխաններ կտրվեն:

 

Իսկ առայժմ պետք է սպասել քննիչների աշխատանքների արդյունքներին, քանի որ հիմնական կասկածյալի հարցաքննությունից ստացված  կցկտուր տեղեկություները, որոնք այս օրերին հրապարակվում են, որեւէ հոդաբաշխ միտք չեն պարունակում: Չի բացառվում, որ այս ընթացքում «էլի» հեռախոսազրույցներ կլինեն:

 

 

Կարեն Մեսրոպյան 

Նույն շարքից