Մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների աշխատակիցներ երեկվանից վերսկսել են իրենց բողոքի ակցիաները: Հարյուրավոր առեւտրականներ դժգոհում են շրջանառության հարկի մասին օրենքից, որի դեմ հիշեցնենք բողոքի տարաբնույթ ակցիաներ կազմակերպվել էր նաեւ նախորդ տարի: Աղմկահարույց այս օրենքի դեմ դժգոհողների ձայնը լռեցնելու համար կառավարությունը որոշեց մինչեւ փետրվարի մեկը հետաձգել օրենքի կիրառումը: Եվ որպեսզի այդ հետաձգումը կառավարության կողմից մատուցվի որպես բողոքավորներին լավություն անել, հայտարարվեց թե դա արվում է, որպեսզի այդ ընթացքում առեւտրականները պատրաստվեն փաստաթղթով աշխատելուն:
Փաստաթղթով աշխատել այս ընթացքում առեւտրականներն իհարկե չսովորեցին, եւ բնավ ոչ այն պատճառով, որ ի տարբերություն կառավարությունում այս կամ այն կերպ հայտնված չինովնիկների չափ գրագիտություն չունեն, այլ այն, որ խոշոր ընկերությունները հրաժարվում են փաստաթուղթ ներկայացնել: Այս ամենի մասին հստակ գիտեն նաեւ օրենքը մշակողները եւ այն ԱԺ-ում դակողները:
Քաղաքացիները, հավաքվելով կառավարության շենքի դիմաց, պահանջեցին օրենքի կիրառումը կասեցնել, բայց արժանացան գործադիր իշխանության լուռ վերաբերմունքին: Ակցիայի մասնակիցների՝ վարչապետին հանդիպելու ցանկությունը չկատարվեց: Աբրահամյանն այդպես էլ հարկ չհամարեց ներքեւ իջնել եւ զրուցել հավաքվածների հետ: Փոխարենը մի քանի անգամ իր «բամբերին» ուղարկեց, առաջարկելով ձեւավորել տասը հոգանոց աշխատանքային խումբ եւ հարցերը ներսում՝ կաբինետում քննարկելու համար:
Պաշտոնյանները չնայած այն բանին, որ հայտարարում են թե իրենք բաց ու հրապարակային աշխատելաոճ են որդեգրել, իրականությանը չի համապատասխանում: Գործադիրում, եւ ոչ միայն, սովոր են հարցերը կուլիսներում քննարկել, նեղ, անձնական շրջապատում: Այդպես եղել է միշտ, եւ կշարունակվի նաեւ առաջիկայում:
Առաջին հայացքից, թվում է, թե առեւտրականները դժգոհելու առիթներ չպետք է ունենան: Շրջանառության հարկը կառավարությունը 3,5-ից իջեցնում է 1 տոկոսի, իսկ նրանք բողոքում են` գոհ լինելու փոխարեն, մյուս կողմից, սակայն, հայաստանյան իրականությունը այլ է, մարդիկ նախ չեն կարող փաստաթուղթ պահանջել խոշորից՝ քանի որ կարող են նրա հետ ունենալ անլուծելի խնդիրներ:
Հետեւաբար՝ զարմանալի չէ, որ «լավ» օրենքը հանդիպել է դժգոհության:
Սույն օրենքը խփում է հարյուվոր մարդկանց գրպաններին, եւ մեկ անգամ եւս ապացուցում, որ խոշորին ստվերից դուրս հանելու եւ օրինական դաշտում գործելու Աբրահամյանական նկրտումներն ազնիվ չեն: «Գլխից է պետք բռնել». Ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հորդորել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիմա, ակնհայտ է, որ նման խորհրդի կարիք ունի նաեւ ներկայիս վարչապետը: Իսկ, թե կստացվի արդյոք Հովիկ Աբրահամյանի մոտ, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Ակնհայտ է մի բան, երկրում սոցիալական լուրջ լարվածություն է հասունանում: Խուճապն օրենսդրական նորմերով կկարգավորի ներկայիս գործադիր իշխանությունը, թե կդիմի ավելի «ռացիոնալ» քայլի, դարձյալ շուտով պարզ կդառնա: Չի բացառվում, որ առեւտրականների շրջանում առկա լարվածությունն ու խուճապը մեղմելու համար, առաջիկայում վեր խոյանա հերթական ու շքեղ առեւտրային համալիրը: Այս կերպ խուճապը «վերացնելու» նախադեպեր արդեն կան:
Հետաքրքիր է՝ վարչապետը կկարողանա լուծում տալ իր իրավասության տակ գտնվող հարցին, թե Հովիկ Աբրահամյանին կասեն. «Սիրուն չի»:
Կարեն Մեսրոպյան