Հասարակություն 

Ջաջուռավան գյուղը թաղված է խնդիրների մեջ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղը թաղված է խնդիրների մեջ: Այստեղ նույնիսկ հողագործությամբ, անասնապահությամբ չեն զբաղվում, քանի որ չունեն սեփական հողային ռեսուրսներ եւ արոտավայրեր: Գյուղում այս պահին 180 մարդ կա: 15 տարի առաջ Ջաջուռավանը 307 բնակիչ է ունեցել: Ջաջուռավանի բնակիչները գաղթել են Մուշից ու Բասենից: Ամենաշատ բնակիչներն այս գյուղը 1970 թվականին է ունեցել, երբ բնակչության թիվը 422–ի է հասել: Գյուղում մշակվում են միայն տնամերձ հողամասերը, այլ տարածքներ գյուղը չունի, անասնապահությամբ եւս զբաղվել չեն կարող, միայն մի քանի տնտեսություն է, որ անասուններ է պահում: Արոտավայր չունենալու պատճառով անասունները հաճախ հայտնվում են հարեւան գյուղերի արոտավայրերում, ինչն էլ առաջացնում է այդ գյուղերի բնակիչների դժգոհությունը: Չկաների շարքն այսքանով չի ավարտվում: Չկա նաեւ մանկապարտեզ, իսկ դպրոցը նախատեսված է միայն տարրական դասարանների համար: Հենց այս պատճառով է, որ գյուղից վերջին տարիներին մի քանի ընտանիքներ են մեկնել, իսկ արտագնա աշխատանքի մեկնում են գրեթե բոլոր տնտեսություններից: «Մի մասը երկաթգծում է աշխատում: Մի մասն էլ գոյատեւում են բացառապես թոշակ–նպաստով»,– հայտնեց գյուղապետ Աշոտ Գրեյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից