Հասարակություն 

Իշխանությունները մոլորեցնում են սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Երևանում մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը` «փոխադարձ վստահություն, միություն և պատասխանատվություն» խորագրով։ Համաժողովին, ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է շուրջ 1400 սփյուռքահայ, աշխարհի 70 երկրներից։ Բայց ամենից ծիծաղելին այն է, որ փոխադարձ վստահության և միության անվան տակ ծպտվելով` Հայաստանի ապաշնորհ իշխանություններն այս համաժողովին չեն հրավիրել ԵԼՔ դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի, այն դեպքում, որ համաժողովին քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական և այլ մարտահրավերների շուրջ: Կհարցնեք` ինչու չեն հրավիրել. որովհետև մեր իշխանությունները սարսափում են տարբերվող կարծիքներից և այլընտրանքային մոտեցումներից: Այսպիսով, Երևանում կազմակերպում են համահայկական միջոցառում, որին չեն հրավիրում խորհրդարանական ընդդիմությանը, քանի որ մենք կարող ենք մերկացնել նրանց ողջ սնանկությունն ու ներկայացնել Հայաստանի զարգացման տարբերվող մոտեցումներ: Արդյունքում, իշխանությունները նույնիսկ մենաշնորհի են վեր ածել սփյուռքը` մոլորեցնելով սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների, կազմակերպելով համահայկական հավաք և դրանից դուրս թողելով իրենց նեղ շրջանակից դուրս գտնվողներին:
Ահա այսպես, սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում կանցկացվի Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը` փոխադարձ անվստահության, կեղծ միության և բացարձակ անպատասխանատվության պայմաններում։

Նույն շարքից