Հասարակություն 

Մինչև մեկ օր օդում՝ առանց օդաչուի

Անտեսանելի «ստելս» տեխնոլոգիայով Պենտագոնի կողմից ստեղծված RQ-180 անօդաչու թռչող սարքը կարող է առանց դադարի օդում գտնվել 24 ժամ: Այս մասին CNN հեռուստաալիքի լրագրողներին հայտնել են ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները: Համեմատության համար նշենք, որ ավելի վաղ մոդելի անօդաչուն կարող էր թռիչք կատարել 5-6 ժամ տևողությամբ:

RQ-180-ն ստեղծված է լրտեսում իրականացնելու այնպիսի երկրների տարածքում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Իրանն ու Սիրիան, և ԱՄՆ-ին կարևոր առավելություն են տալիս՝ օդից լրտեսելու այն պետություններին, որոնք հզոր ՀՕՊ համակարգ ունեն և թույլ են տալիս հարվածել սովորական թռչող սարքերին:

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ներկայում պաշտոնապես չի ճանաչում նոր սարքի գոյությունը: Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը, որը, ինչպես հաղորդվում է, ստեղծել է այդ սարքը, նույնպես չի մեկնաբանում ԶԼՄ-ների տեղեկությունները:

Դեկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ում անցկացվում են RQ-180-ի փորձարկումներ: Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը կարող է ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինության կազմում ներառվել 2015 թվականին:

Նույն շարքից