Հասարակություն 

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Կահիրեում

analitik.am

Սեպտեմբերի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն նվիրված՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Միջոցառման հյուրերի թվում էին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի անդամներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով խոսեց անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումների և առկա մարտահրավերների մասին: Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերությունների քառորդդարյա պատմությանը՝ դեսպանն ընդգծեց, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմա-մշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը։ «Վերջին տարիներին թե Հայաստանում, թե Եգիպտոսում կատարվել են արմատական փոփոխություններ, որոնք հիանալի նոր հնարավորություններ են ստեղծում մեր երկու երկրների միջև ավելի արդյունավետ և դինամիկ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն ծավալելու համար», - ասել է դեսպան Մելքոնյանը։

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իհաբ Նասերը։ Դրական գնահատելով անցած տարիների ձեռքբերումները՝ նա կարևորեց առաջիկա օրերին Երևանում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը՝ որպես Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության նոր հանգրվան։ Իհաբ Նասերն ընդգծեց ինչպես եգիպտահայերի նշանակալից ներդրումը 19-րդ դարում Եգիպտոսի նոր պետականության կառուցման գործում, այնպես էլ մեր օրերում նրանց ակտիվ ներգրավվածություննը երկրի հանրային կյանքում։

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչ Մահմուդ Ադել Մուխթարը, ով Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին փոխանցեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Նույն շարքից