Գլխավոր Հասարակություն 

Կարծում եմ, որ Անի Հովհաննիսյանին կալանքի տակ պահելով՝ փորձել են ճնշել նրան. Մանե Թանդիլյան

analitik.am

«Ես համարում եմ, որ Անի Հովհաննիսյանին կալանքի տակ պահելով փորձել են այդկերպ նրան ստիպել ընդունել բաներ, որոնք ինքը գտնում է, որ չի արել: Այսինքն ասեր, որ արել է ինչ-որ բան հանուն այն բանի, որպեսզի ազատվի կալանքից », -այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործի մասին և հավելելով՝  ինքն այցելել է այդ վայրեր և կարծում է, որ այնտեղ գտնվելն անգամ հոգեբանական լրջագույն ճնշում է:

Տիկին Թանդիլյանը նշեց, որ իշխանությանը վերահսկելու և ժողովրդավարության կայացման գործում լրագրողներին համարում է կարևորագույն օղակ, ինչի համար է նաև սկսել է հետաքրքրվել այս գործով:

Հարցին, թե ինչ ունեն անելու այդստեղ ՀՀ ՄԻՊ-ը և իրավապաշտպան կազմակերպությունները, ԱԺ պատգամավորն ասաց. «Ես այս գործի մասին իմացել եմ պատահաբար և զարմացել, թե ինչու իրավապաշպան կազմակերպությունները չեն բարձրաձայնել այս մասին: Ես հասկանում եմ, որ կան շահեր, սակայն որևէ շահ չի կարող ավելի կարևոր լինել այն սկզբունքներից, որոնց կրողը ես եմ: Ես ցանկանում եմ, որ մեր պետությունը լինի այդ արժեքների կրողը: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի հարցին, ապա ես չեմ լսել որևէ հայտարարություն վերջինիս կողմից, չգիտեմ՝ նման հայտարարություն կա, թե՝ ոչ: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ այս թեման պատշաճ կերպով չի լուսաբանվել»:

Ասուլիսի վերջում տիկին Թանդիլյանը նաև ասաց, որ ինքը մնչև վերջ հետաքրքրվելու է Անի Հովհաննիսյանի գործով:

Նույն շարքից