Հասարակություն 

Լաս Վեգասի սպանդի մանրամասները. նախնական տեղեկություններով զոհերի թվում հայեր չկան

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են», - Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է: Եկեղեցու հարեւանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջեւի տարածքում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն զանգվածային սպանդն էր:

Ոստիկանության տվյալներով, 64-ամյա ամերիկացի թոշակառու Սթիվեն Փեդոքը 32-րդ հարկում գտնվող հյուրանոցի իր համարի պատուհանից կրակ արձակելով հյուրանոցի առջեւ անցնող համերգին եկածների վրա, սպանել է առնվազն 58 եւ վիրավորել 500-ից ավելի մարդ: Կրակը մարդասպանն արձակում էր ինքնաձիք զենքից, յուրաքանչյուր կրակահերթը՝ 50-100 փամփուշտ: Եւ այսպես 10 անգամ, որից հետո սպանում է ինքն իրեն: Իր համարում ոստիկանները գտնում են 10-ից ավելի զենքեր, այդ թվում՝ հրացաններ:

«Դա իրական չարիքի արարք էր», - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հազիվ է զսպում զայրույթը՝ կոչ անելով միասնության եւ խնդրելով Աստծուց ուղի ցույց տալ այս բարդ ժամերին: Պատճառների մասին Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն դժվարանում է խոսել.

«Ես չեմ կարող հոգեկան հիվանդի գլուխը մտնել»:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հերքում են Դաեշի ահաբեկիչների հայտարարությունը, որոնք, օգտվելով առիթից հայտարարում են, թե իբր Փեդոքը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ էր դարձել:

Զոհերի մասին ստույգ տվյալներ դեռեւս չեն հաղորդվում: Հայր Սասունի խոսքով, նախնական չճշտված տեղեկություններով հայեր զոհերի թվում չկան:

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից