«2012-2015 թվականներին Ադրբեջանի իշխանությունները, զեկույցների համաձայն, փոխանցել են 2,5 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիայում գրանցված քողարկված չորս ընկերություններից, Դանիական բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու եւ փողերի լվացման նպատակով», - Միացյալ Նահանգների սենատոր Շելդոն Ուայթհաուզը Սենատում կլեպտոկրատիայի դեմ պայքարին նվիրված լսումները բացելիս որպես կլեպտոկրատիկ պետության օրինակ որոշեց բերել հենց Ադրբեջանը:
Կլեպտոկրատիան կամ ավազակապետությունը պետության այն տեսակն է, որի բռնակալ իշխանությունները թալանում են երկրի ժողովրդին: Հադսնի Կլեպտոկրատիայի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Չարլզ Դեւիդսոնի խոսքով, կլեպտոկրատ իշխանությունն իր չարիքը փորձում է տարածել ամենուր.
«Կլեպտոկրատիան 21-րդ դարի բռնակալների բիզնես մոդելն է եւ այսօր մեր ազգային անվտանգությանն առավել մեծ վտանգը բխում է բռնապետական վարչակարգերից, որոնք ակտիվորեն փորձում են թուլացնել մեր ժողովրդավարությունն ու ազատությունները եւ բռնակալություն ներմուծել Եվրասիայի տարածք»:
Դեւիդսոնի խոսքով, Արեւմուտքը սխալվում էր ակնկալելով, որ իրենց ժողովուրդներին թալանած բռնակալները կփոխեն մոտեցումները տեսնելով ժողովրդավարության արդյունքները: Փոխարենը, երբեմն բռնակալները փորձում են սեփական կոռումպացված մոտեցումներով վարակել Արեւմուտքը.
«Երբ կլեպտոկրատները այստեղ են գալիս, նրանք իրենց հետ բերում են նաեւ իրենց արժեքները, որոնք մերը չեն: Մենք միամիտ էինք, կարծում էինք, որ նրանց երեխաներն այստեղ մեզ մոտ կսովորեն եւ կդառնան ազատության եւ ժողովրդավարության սիրահար: Դա տեղի չունեցավ: Փոխարենը, կլեպտոկրատիկ կենսակերպը, որն արժեքավորում է միայն փողն ու իշխանությունը, շեղեց մեր սեփական համակարգը»:
Մանրամասն՝ amerikayidzayn.com