Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պատգամավորները ձայների 87 կողմ և 7 դեմ հարաբերակցությամբ վավերացրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի /զորքերի/ միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, համաձայնագիրը ներկայացնելիս, նշել էր, որ դրանով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին եւ արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն վավերացրել է համաձայնագիրը: