Հասարակություն 

Ուսումնասիրվում է հրդեհաշիջման օտարերկրյա փորձը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել Հայաստանում ՌԴ առևտրային և ռուսական «Լեսխոզսնաբ» ընկերության ներկայացուցիչները:

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ բուսածածկ տարածքները պատուհասած հրդեհների վերլուծությունը ցույց տվեց, որ հրդեհաշիջման ընթացքում անհրաժեշտ է կիրառել համալիր միջոցներ՝ կախված տեղանքի ռելիեֆի բարդությունից, բնակլիմայական պայմաններից, հրդեհի տարածման բնույթից, մոտեցման ուղիների առկայությունից և այլ պայմաններից:

ՀՀ ԱԻ նախարարն իր խոսքում նշեց, որ անտառային հրդեհների խնդիրը ներկայումս գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում:

2000թ. հիմնադրված ընկերությունը զբաղվում է անտառտնտեսությունների համար նախատեսված սարքավորումների մշակմամբ և արտադրությամբ՝ մասնավորապես անտառային հրդեհների հրդեհաշիջման համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության կողմից մշակված սարքավորումները, որոնք կիրառություն են գտել ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում, որտեղ անտառային հրդեհների խնդիրն արդիական է:

Ընկերությունը մշակել է հրդեհաշիջման պարզագույն միջոցների լայն ընտրանի (դյուրակիր ջրատարներ և փոշեցան սարքեր, բարձր ճնշման պոմպեր, որոնք կարող են ջուր վերցնել նաև ջրամբարներից, տարբեր նշանակության փողրակներ, ջրի տարբեր տարողության ճկվող տարաներ և այլն), որոնք արդյունավետ են հատկապես բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների մարման համար:

«Լեսխոզսնաբ» ընկերությունը պատրաստում է նաև մինչև 300 լ ջրատարողությամբ ու հրդեհաշիջման գույքով հագեցած թեթև արտաճանապարհային բեռնատարներ, պարեկային ծառայության մեքենաներ ու տրակտորներ:

Հանդիպման ավարտին հատուկ հրշեջ ջոկատում կազմակերպվել էր ընկերության արտադրանքի ցուցադրություն, որտեղ ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան առավել մանրամասն ծանոթանալ հրդեհաշիջման սարքավորումների ու մեքենաներին:

Նույն շարքից