«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել», - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում անցած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:
Նրա խոսքով, կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց ոչ էլ՝ միջնորդական գործընթացին: Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն հավերժացնելու փորձի մեջ, իսկ հայկական կողմն այլեւս չի վստահում անվտանգության երաշխիքներին: Դրանից բացի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի եւ Իսրայելի զենքերի շնորհիվ հակամարտության տարածաշրջանում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից վարած քաղաքականության ջանքերով էլ ավելի է աճել զենքի քանակն ու որակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծն աշխարհում առավել ռազմականացված գոտիներից է, նշում է Գրոնոն.
«Տարածաշրջանում գործող մարդասիրական կազմակերպություններն այնքան են մտահոգված, որ այժմ հնարավոր պատերազմի համար գործողությունների ծրագրեր են մշակում»:
Լսումների մյուս մասնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քեվինոն ընդգծում է, որ ռազմական գործողությունների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար կողմերին անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները. Ավելացնել շփման գծում միջազգային դիտորդների թիվը եւ նրանց հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության լիազորություններ տալ:
«Եթե կողմերն ի վիճակի չեն դրանք իրականացնել, մի գուցե, մենք պետք է փոխարենը այլ ուժերի միջեւ համաձայնագրերի ստորագրմանը հասնենք: Օրինակ, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են պարտավորվել չմիջամտել, եթե հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվի: Միացյալ Նահանգներն էլ կարող է Ռուսաստանի հետ հատուկ ծառայությունների տվյալներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ»:
Մանրամասն՝ amerikayidzayn