ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուկը հաշվետվությամբ է հանդես եկել՝ հայտարարելով, որ ահաբեկիչները նոր հարձակում են պատրաստում Միացյալ Նահանգների դեմ: Ընդ որում, նրա խոսքերով, մեծ հավանականություն կա, որ այն կլինի սեպտեմբերի 11-ի հարձակման նման:
Դյուկը նշել է, որ ահաբեկչական խմբավորումները՝ ԻՊ-ը և մյուսները, ցանկանում են խոշոր պայթյունը կազմակերպել, ինչպես եղավ սեպտեմբերի 11-ին, և այդ նպատակով ցանկանում են ինքնաթիռ օգտագործել, այդ հարցում ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածներ չունեն, գրում է The Daily Mail-ը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, վերջին շրջանում ահաբեկիչները շատ են օգտագործում սառը զենք, ավտոմեքենաներ, սակայն դա չի նշանակում, որ նրանք հրաժարվել են իրենց գլխավոր սցենարից՝ ինքնաթիռ օգտագործելուց:
Դյուկը վերջում հավելել է, որ ահաբեկչության վտանգը սեպտեմբերի 11-ից հետո գտնվում է ամենաբարձր մակարդակում և զգոնության կոչ է արել բոլորին:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ զոհվեց ավելի քան 3 հազար մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում էր 6 հազարի: