«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:
Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ «Financial Times» ամսագիրը իր՝ «Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» հոդվածում անդրադառնում է այս խնդրին և դրա պատճառներին։
Հոդվածի հեղինակ Էնդրյու Ջեքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում նշեց ,- «Ես տեղյակ էի այս խնդրի գոյության մասին Ասիայում հատկապես Չինաստանում, որտեղ տղաների թիվը զգալիորեն մեծ է աղջիկների թվից: Ինձ անակնկալի բերեց այն, որ Կովկասյան և Բալկանյան երկրներում, աղջիկների և տղաների միջև անհավասարությունը գրեթե նույնն է»:
Ըստ հոդվածի հեղինակի, Կովկասյան և Բալկանյան երկրներում դարեր շարունակ ավանդաբար նախընտրել են տղա երեխաներին: Մինչև վերջերս չկար, թե՛ հղիության ընթացքում սեռը բացահայտելու տեխնոլոգիա և թե՛ սահմանափակ թվով երեխաներ ունենալու ցանկություն: Խորհրդային շրջանում մարդիկ պարզապես այնքան երեխաներ էին ունենում, մինչև որ տղա երեխա ծնվեր: Սակայն տնտեսական անկման և պատերազմի հետևանքով, ընտանիքները փորձում էին ավելի քիչ երեխաներ ունենալ: Ինչի արդյունքում այդ մեկ կամ երկու երեխաների սեռը ավելի մեծ կարևորություն ձեռք բերեց:
Էնդրյու Ջեքը ասում է,- «Այսպիսով, սա մի քանի գործոնի հետևանք է՝ ավանդույթների, 1990-ականների տնտեսական ճգնաժամի, նոր տեխնոլոգիաների զարգացման, մեծ դեր ունի նաև խորհրդային մշակույթից եկած հղիության արհեստական ընդհատման սովորությունը»:
Մանրամասն՝ amerikayidzayn