Հասարակություն 

«Նեմիրոֆ»-ը դատի է տվել Սամվել Ալեքսանյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում:

Armtimes.com-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու և կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» և «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը, ծանոթանալով «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփրթի Իսթեբլիշմենթ» ընկերություն հայցադիմումին ընդդեմ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ա և Գ» ՍՊԸ-ի` ապրանքային նշանի օգտագործումն արգելելու և կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին, որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ և գործի քննությունը նշանակել 2017 թվականի հոկտեմբերի 26-ին:

«Նեմիրոֆ» ընկերության ներկայացուցիչը դատարանին միջնորդել է հայցի ապահովում կիրառել, որը մասնակի է բավարարվել: «Ալեքս Հոլդինգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների որոշակի գործողություններն արգելվել են:

«Նեմիրոֆ» ընկերությանը սեպտեմբերի 8-ին նույն դատարանից պահանջել է պարտավորեցնել «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել: Այս հայցը նույնպես ընդունվել է վարույթ և քննում է նույն դատավորը: Գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 31-ին»:

Նույն շարքից