Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու է Արմավիրի մանկապարտեզի պատանդառուն գնացել այդ քայլին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրում երեկ տեղի ունեցած միջադեպը շոկ էր: Համենայնդեպս, նորանկախ Հայաստանում դժվար է հիշել՝ երբևէ եղե՞լ է դեպք, որ զինված ներխուժեն ու պատանդ վերցնեն մանկապարտեզի երեխաներին:

Ճիշտ է՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում կատարվածը «կենցաղային հողի վրա էր», քանի որ պատանդառուն այդպես փորձում էր հաշիվներ պարզել զոքանչի հետ, որն, ի դեպ, մանկապարտեզի տնօրենն է: Բարեբախտաբար, իրավիճակը մի քանի ժամ անց հանգուցալուծվեց. ոստիկանները վնասազերծեցին պատանդառուին: Եվ այսպես՝ երեկ՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ և պահանջել կնոջը:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կինը որոշ ժամանակ առաջ տանից հեռացել էր. ինչ-ինչ պատճառներով նրանց երեխան լույս աշխարհ չի եկել, և այդ ամենի համար Հովիկյանը որոշել է զոքանչից վրեժ լուծել, քանի որ նրան լուրեր են հասել, թե ամենի մեղավորը զոքանչն է եղել: Մյուս կողմից՝ Հովիկյանը փորձել է գտնել տնից հեռացած կնոջը, բայց նրա գտնվելու վայրը չեն հայտնել: Նա էլ ստիպված որոշել է հարցերն այդպես լուծել: Մանկապարտեզում պատանդ է վերցրել զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին, և մի երեխայի:
Շուրջ 4 ժամ ոստիկանությունը բանակցություններ է վարել, որ տղամարդը թողնի երեխային և զոքանչին, սակայն ավելի ուշ, երբ պատուհաններից երևացել է, թե ինչպես տղամարդը զոքանչին «այս ու այն կողմ է քաշում», վնասազերծել են՝ երեք անգամ կրակելով: Ոստիկանությունը 3 տարեկան երեխային դուրս է բերել մանկապարտեզից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից