Հասարակություն 

Հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի փախուստի դիմելու դեպքի առթիվ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դատապարտյալ Թելման Ալավերդյանի փախուստի դեպքի առթիվ։

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող  դատապարտյալ, 1987թ. ծնված Թելման Ալավերդյանը, առողջական խնդիրների կապակցությամբ 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել նշված հիվանդանոցի մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։ Նախնական տվյալներով՝ օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսեւորած անփույթ վերաբերմունքից՝ դատապարտյալը հիվանդասենյակի սանհանգույցից օգտվելու պատրվակով նոյեմբերի 14-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում մտել է սանհանգույց, ապա այդտեղից դեպի ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 355-րդ հոդվածի 1-ին մասերով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործի շրջանակներում իրականացված որոնողական միջոցառումների արդյունքում փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է։


Ծանուցում. 
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից