Հասարակություն 

Կառավարությունը հավանություն է տվել ընտանեկան բռնությունների մասին օրենսդրական նախաձեռնությանը

Այսօր կառավարության նիստում հավանություն է տրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն: Նախատեսվում է նաև նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները: Օրինագծերով լուծում ստացող առաջին խնդիրն ընտանեկան բռնության կանխարգելման գործունեությունը հստակեցնելն ու համակարգելն է: Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով օրինագծում ներդրվել են անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման ինստիտուտները: Նախագծով առաջարկվող նախազգուշացման ինստիտուտն էլ կկիրառվի առաջին անգամ ընտանեկան բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ ծնողական իրավունքներից սահմանափակման որևէ նոր հիմք, ինչպես նաև որևէ հիմք, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները: «Օրենքը բազմիցս քննարկել ենք տարբեր հարթակներում: Պետք է նշեմ, որ առաջին տարբերակից մինչև այն տարբերակը, որը ներկայացնում եմ ձեր դատին, մի շարք լուրջ փոփոխություններ են այստեղ ամրագրվել: Ամրագրվել են նաև մտահոգիչ հարցեր: Օրինակ՝ արդյոք կարելի է անչափահասին վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան առանց ծնողի, իրականում՝ ոչ, և դա ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,-ասել է նախարարը:
Նախատեսվում է վերափոխել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի կարգավիճակը
Հավանության է արժանացել նաև Հեռուստատեսության և ռադիոյի մասին և հարակից այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հստակ և համապարփակ կարգավորել ՀՀ սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավիճակը, լիազորությունները, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի կարգավիճակը, ինչպես նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող նորմերը համապատասխանեցնել հասարակական հարաբերությունների զարգացման արդի պայմաններին և դինամիկային: Նախագծերով առաջարկվում են հետևյալ հիմնական կարգավորումները. սահմանվել է հանձնաժողովի կազմը, դրա անդամների ընտրության և լիազորությունների դադարման կարգը, անդամներին ներկայացվող պահանջները և հանձնաժողովի լիազորությունները, վերափոխվել է խորհրդի կարգավիճակը, սահմանվել են նաև խորհրդի ադամներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները, լիազորությունների շրջանակը և այլն:

Նույն շարքից