Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաց նամակ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին
Հարգելի պարոն Սաղաթելյան, դատարանում հարցաքննության ժամանակ ՀՀ ԱԺ «Ծառուկյան Դաշինքի» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան այն հարցին, թե միշտ է գաղտնաձայնագրում և մոնտաժելուց հետո հրապարակում ԱԺ իր աշխատասենյակում հանդիպումները՝ հայտարարեց՝ մեջբերում եմ․
«Ազգային ժողովի տարածքում ձայնագրվում են բոլոր ոչ միանշանակ և ոչ կանխատեսելի շարունակություն ենթադրող հանդիպումները» (հարցաքննության 77-րդ րոպե)։
Հարգելի պարոն Սաղաթելյան, սույն թվականի դեկտեմբերի 1-ին հրավիրվելիք ասուլիսումս ի թիվս այլ հարցերի անդրադառնալու եմ նաև այս հայտարարությանը, հետևաբար պահանջում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Արդյո՞ք գաղտնաձայնագրվում են ԱԺ պատգամավորների աշխատասենյակները, ինչպես հայտարարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան Դաշինքի» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
2. Արդյո՞ք տեղյակ են պատգամավորները, որ իրենց աշխատասենյակներում իրականացվում է ձայնագրություն։
3. Ո՞ր օրենքով է կարգավորվում ՀՀ ԱԺ պատգամավորների գաղտնաձայնագրությունները։
4. Խնդրում եմ ներկայացրեք ԱԺ տարածքի բոլոր այն վայրերի ցանկը, որտեղ իրականացվում է գաղտնաձայնագրություն։
Կանխավ շնորհակալություն