Հինգշաբթի Եգիպտոսում գրանցվել է 122 տարվա ամենացածր ջերմաստիճանը՝ 7 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Երկրի որոշ շրջաններում քամու արագությունը կազմում է 28 մ/վ, որն ուղեկցվում է անձրևով՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Բուրգերի երկրի համար, որտեղ տարվա ընթացքում հիմնականում արևային օրեր են, իսկ ձմռանը անձրևներ տեղում են 3-4 անգամից ոչ ավելի, գրանցված ցածր ջերմաստիճանը համեմատելի է բնական աղետի հետ: Եգիպտոսի օդերևութաբանական գլխավոր վարչությունը բնակիչներին խորհուրդ է տվել տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում: Ուժեղ անձրևների պատճառով ավտոճանապարհներին առաջացել են խցանումներ: Ավտոմեքենաների հոսքի միջին արագությունը նվազել է մինչև 5-10 կմ/ժ:
Ալեքսանդրիայում նախազգուշացրել են փոթորկի մասին: Փակ են հյուսիսային մայրաքաղաքի, ինչպես նաև Սուեզի, Շարմ Էլ Շեյխի նավահանգիստները: Սինայի թերակղզում անձրևները չեն դադարում շաբաթվա սկզբից, գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ:
Ամբողջ մերձավորարևելյան շրջանում տիրող վատ եղանակը կաթվածահար է արել առօրյան և արդեն հանգեցրել մարդկային զոհերի: Ցրտից ամենից շատ տուժել են Սիրիայում և Լիբանանի լեռնային շրջանների վրանային ճամբարներում բնակվող սիրիացի փախստականները: Հալեպում ցրտի հետևանքով զոհվել է երկու երեխա: