Քաղաքականություն 

Արթուր Բաղդասարյանի պապական տան դռան դիմաց դույլով լի կարմի խնձոր էին դրել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորում ավագանիների մակարդակով ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո տպագիր մամուլը հաջորդ օրերին գրեց, որ այս գործարքը Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպման և պայմանավորվածության արդյունքն է: Գրվեց նաև, որ Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին խոստացել է, որ 2018 թվականից հետո, երբ Գագիկ Հարությունյանին թոշակի կճանապարհի, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը կմնա Բաղդասարյանին:

Այն, որ Արթուր Բաղդասարյանը պետական համակարգում մի որևէ պաշտոնի տեր է դառնալու շուտով՝ դա փաստ է: Համենայնդեպս, նման կարծիք կազմելու համար խոսուն անցյալ կա: Բաղդասարյանի քաղաքական գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա ընդդիմությունից իշխանություն տանող մայրուղում շատ է «երթևեկել»: Ոչ վաղ անցյալում՝ 2008 թվականին, երբ նա ՕԵԿ-ով առաջադրվել էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, առիթը բաց չէր թողնում իշխանության վրա ցեխ շպրտելու համար:

2008-ի նախագահական ընտրություններում ստացած քվեներով նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ Սերժ Սարգսյանից և Լևոն-Տեր Պետրոսյանից հետո: Ընդդիմության միավորման կոչերին չարձագանքեց Արթուր Բաղդասարյանը, և Մարտի 1-ի ողբերգությունից մեկ օր առաջ՝ 2008-ի փետրվարի 29-ին, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր: Մարտի 1-ի երեկոյան տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում: 2008թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվեց ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Պաշտոնը ստանալու հաջորդ առավոտյան Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում (Սպանդարյանն Արթուր Բաղդասարյանի հայրենի գյուղն է) տարօրինակ դեպք տեղի ունեցավ: Ամբողջ մարզում խոսում էին, որ անհայտ անձինք Արթուր Բաղդասարյանի պապական տան դռան դիմաց դույլով լի կարմի խնձոր են դրել, որպես բողոքի նշան, և ենթատեքստում ունենալով այն հանգամանքը, թե հայկական ավանդության մեջ «կարմիր խնձոր» տանելն ինչ նշանակություն ունի:

2018-ին Արթուր Բաղդասարյանենց տուն 2008-ի նման կարմիր խնձոր տանելու առիթ կլինի՞, թե՞ ոչ: Պետք է ընդամենը սպասել:

«Հայկական ժամանակը» Արթուր Բաղդասարյանին նոր պաշտոն տալու թեմայով զրուցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

«Ես նման տեղեկություններ չունեմ, մենք կուսակցությունում 2018 թվականի հետ կապված կառավարության, կոալիցիայի ձևավորման հարց չենք քննարկել՝ որևէ ձևաչափով»,- ասաց ՀՀԿ խոսնակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից