Հասարակություն 

Անահիտ Բախշյանը զինհաշմանդամների համար Վերականգնողական կենտրոնի ստեղծման համար դիմել է մարզպետների օգնությանը

analitik.am

Նոյեմբերի 25-ին ՀՀ բոլոր մարզպետարանների էլեկտրոնային փոստով մարզպետներին եմ ուղարկել այս կոչ-նամակը, փորձում եմ բոլոր մարզպետարանների հետ կապվել հեռախոսով՝ հավաստիանալու համար իրենք ստացե՞լ են արդյոք ու քանի որ ոչ բոլոր մարզպետարանների հեռախոսն է պատասխանում, որոշեցի հրապարակայնացնել այս կոչը: Իհարկե դեկտեմբերի 10-ից հետո կտարածեմ այն մարզպետների անունները, ովքեր կմիանան այս կոչին: Ձե՛զ տեսնեմ, հարգելի մարզպետներ:

Հայաստանի Հանրապետության հարգելի մարզպետներ

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» բարեգործական Հ/Կ-ն ձեռնամուխ է եղել մեր երկրում զինհաշմանդամների և զինծառայողների առողջության վերականգնման համար չափազանց անհրաժեշտ Վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, որի համար տարածք է տրամադրել Երևանի պետական բժշկական համալսարանը: Այն Հայաստանի առաջին Հանրապետության առաջին քաղաքային հիվանդանոցի շենքն է, որը կառուցվել է այդ ժամանակ ծայրահեղ վիճակում գտնվող հայ ժողովրդի հանգանակությամբ և կարիք ուներ հիմնանորոգման ու կահավորման: Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հիմնանորոգման ֆինանսական միջոցների ներդրմանն ու կահավորմանը մասնակցել են բազմաթիվ անհատներ, ինչպես նաև տարբեր պետական ու ոչ պետական կառույցներ: Հետագայում այս Կենտրոնը զինհաշմանդամների համար կծառայի նաև որպես ուսումնական կենտրոն, որտեղ տղաները կստանան նոր աշխատանքային հմտություններ և արդյունքում՝ աշխատանք: Այսինքն, կլուծվեն նաև հասարակության մեջ նրանց սոցիալիզացիայի խնդիրները: Կենտրոնում գործելու է նաև «Մեկ Պատուհան» ծրագիրը, որով ապահովվելու է զինհաշմանդամների, նրանց ընտանքիների և տարբեր գերատեսչությունների միջև կոմունիկացիան:
Կարծում ենք, ավելին՝ համոզված ենք, որ Դուք ևս համամիտ եք վերոնշյալ նախաձեռնությունը կյանքի կոչելուն ու, կարևորելով այս կենտրոնի անհրաժեշտությունը, ներկայացված առիթը բաց չեք թողնի Ձեր անձնական միջոցների ներդրմամբ նպաստելու այս կարևոր գործի հաջող ընթացքին:
Կենտրոնի բացումը նախատեսվում է 2018-ի հունվարի 28-ին, շենքի հիմնանորոգումն արդեն ավարտին է մոտենում, մնում է կահավորելը, որի համար բավարար կլինի յուրաքանչյուր մարզպետի կողմից $1000 դոլարի ներդրումը: Կարծում եմ այդ անձնական ներդրումը չափազանց պատվաբեր կլինի Ձեզ համար և Դուք սիրով կմասնակցեք մեր վիրավոր ու հաշմանդամություն ունեցող զինվորների առողջության վերականգնման ընթացքը հարմարավետ սենյակներում կազմակերպելու գործընթացին: Ցանկալի է գումարն ուղարկել մինչև դեկտեմբերի 10-ը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հաշվեհամարն է. Bank Ameria N 1570026278650100
Անահիտ Բախշյան
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» բարոգործական Հ/Կ-ի խորհրդի անդամ

Նույն շարքից