Քաղաքական Հասարակություն գլխավոր 

Ապօրինի հետապնդման շոկային մանրամասները /տեսանյութ/

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ մանրամասներ ներկայացնելով վերջին 1,5 տարվա հայտնի դեպքերի և դրանց նախորդած իրադարձությունների մասին: Հայտարարությունը ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ.

 

Մինչ հիմնական ասելիքիս անցնելը նախ շնորհակալություն եմ  հայտնում իմ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին, ով իր մասնագիտական գիտելիքներով և փորձով կարողացավ իրավական հարթակում պայքարել քաղաքական պատվերի դեմ։ Նա ահռելի գործ արեց, այսքանից ավել անհնար էր պայքարել քաղաքական պատվերի և ազդեցությունների դեմ։

Այն, ինչ մինչ այսօր հրապարակվել է այս շինծու գործի մասին այսբերգի միայն գագաթն է: Ինձ ամբողջ նախաքննության ընթացքում 9 ամիս զրկել էին արտաքին աշխարհի հետ որևէ հաղորդակցությունից, թույլ չեն տվել նույնիսկ մորս հետ որևէ կապ ունենամ և դա ամենևին պատահական չէր: Դա ինձ լռեցնելու միջոցով այս կեղտոտ գործն ավարտին հասցնելու ծրագրի կարևոր բաղադրիչն էր:

Սկսեմ թերևս ամենասկզբից: Ամեն ինչ սկսվեց շատ ավելի վաղուց, քան դա փորձում են ներկայացնել: Իմ ձերբակալությունից շուրջ չորս ամիս առաջ ես տեղեկատվություն էի հրապարակել, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող ՎՏԲ բանկում բաժնեմաս ունի Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը: Որպեսզի չծանրաբեռնեմ առանց այդ էլ հագեցած ասուլիսը, կխնդրեմ իմ գործընկերներին համացանցի միջոցով ծանոթանալ Հեյդար Ալիևի անվան Ադրբեջանի պետական  նավթային հիմնադրամի ստեղծման պատմությանն ու այդ ֆոնդի նպատակներին:

Միայն տեղեկացնեմ, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից է վճարվում ադրբեջանցի ուսանողների արտասահմանյան ԲՈՒՀ-երում սովորելու կրթաթոշակները և Ղարաբաղյան պատերազմի վետերանների ու շեհիդների պարգևավճարները: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներն օգտվելով ռուս-ադրբեջանական բանկի ծառայություններից իրենց լուման են ներդնում Հեյդար Ալիևի անվան նավթային ֆոնդի վերոհիշյալ նպատակների իրականացման համար: Թվում էր, թե մեր պետության ներսում, այն էլ ապրիլյան պատերազմի օրերին այս երևույթը պաշտպաններ պետք է որ չունենար, սակայն պարզվեց, որ դա միայն թվում էր: Մեր երկրում կան մարդիկ, ովքեր փողից կուրացած պատրաստ են իրենց ծառայություններն առաջարկել բոլորին, նույնիսկ Ադրբեջանին: Ցավով պետք է նշեմ, որ այդպիսի մարդիկ կային պետական համակարգում և լրատվական դաշտում: Դրանք մարդիկ են, ովքեր հանուն փողի ընդունակ են բառիս բուն իմաստով ամեն ինչի:

ՎՏԲ բանկի մասին առաջին հրապարակումից անմիջապես հետո իմ կյանքում տարօրինակ իրադարձությունների շարք սկսվեց: Ինձ սկսեցին տարբեր մակարդակներով, այդ թվում նաև բարեկամներիս, հարազատներիս միջոցով  անընդհատ խորհուրդ տալ, զգուշացնել, որպեսզի ես հեռու մնամ ՎՏԲ բանկի հետ կապված որևէ թեմա լուսաբանելուց:

Քանի որ ի ծնե համառ եմ, այս զգուշացումներն ինձ մոտ բնականաբար առաջացրեցին հակառակ ռեակցիա: Լրագրող գործընկերներս կարծում եմ ինձ կհասկանան: Այս թեմայի վերաբերյալ իմ հետաքրքրությունն էլ ավելի աճեց և ես ի վերջո որոշեցի չսահմանափակվել միայն լուսաբանումով և ձեռնամուխ եղա ՎՏԲ բանկի կապիտալից Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամին դուրս հանելու կամ ՀՀ-ում այդ բանկի մասով մեր ազգային անվտանգությանը չսպառնացող գործունություն ապահովելու հարցը  կարգավորելուն ուղղված ստորագրահավաքին: Ի դեպ, հետագայում, ՀՔԾ-ն Տիգրան Ուրիխանյանին իբր շորթելու կասկածանքով իրականացրած խուզարկությունների ժամանակ առգրավեց այդ ստորագրահավաքի բոլոր թղթերը ու դրանք առ այսօր ՀՔԾ-ում են: Չգիտեմ ինչ բացատրություն նրանք կտան այդ գործողության համար, ինչո՞ւ է մեր երկրի ՀՔԾ-ն այդքան սարսափած շինծու քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող ստորագրահավաքի բլանկներով, մնում է միայն ենթադրել, սակայն ըստ էության ինձ համար ամեն ինչ պարզ է:

Ինչևէ, մինչև ապրիլյան պատերազմը, ինձ հետ հեռախոսով կապ հաստատեցին ՀՀ-ում  ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի անունից և քանի որ կապ հաստատելու օրը ուրբաթ էր, ինձ դեսպանի անունից խնդրեցին երկուշաբթի ներկայանալ ՌԴ դեսպանատուն: Իվան Վոլինկինի հետ ես նախկինում մի քանի անգամ տարբեր հրապարակային միջոցառումների ժամանակ հանդիպել էի, իսկ դեսպանատուն դա իմ երկրորդ այցն էր: Նշված օրը և ժամին ես գնացի ՌԴ դեսպանատուն, անձնագիրս ներկայացնելով գրանցվեցի պահակային կետում: Ի դեպ արդեն ներսում՝ մուտքի դռների մոտ պատահաբար հանդիպեցի իմ վաղեմի ծանոթ Վանիկ Էլիզբարյանին, ով դեսպանատնից այդ պահին դուրս էր գալիս: Մենք որպես ծանոթներ մի քանի բառ փոխանակեցինք ու ես մտա դեսպանատուն: Ինձ շատ ջերմ ընդունեց ՌԴ դեսպան Վոլինկինը, ով մի քանի քաղաքավարի  հարցերից հետո անցավ բուն գործին:
Ներկայացնում եմ մեր խոսակցությունը բառացի

-Անի, ինչո՞ւ ես պատերազմում ՎՏԲ-ի դեմ:

Ես շատ զարմացա, որ դեսպանին այնքան է հետաքրքրել իմ հրապարակումները, որ որոշել է անձամբ ինձ հետ այդ մասին խոսել:

Դեսպանին պատասխանեցի, որ  ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանում հակասում է ՀՀ անվտանգության շահերին:

-Անի ջան, բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց գործունեությունը հակասում է ՀՀ անվտանգության շահերին, բոլորի մասին ինչո՞ւ չես գրում: Ինչո՞ւ ես կենտրոնացել ՎՏԲ բանկի վրա։

-Պարոն դեսպան, ցանկացած կազմակերպության մասին, որը հակասում է իմ երկրի շահերին պատրաստ եմ լուսաբանել հենց այսօրվանից սկսած:

Այս խոսքերից հետո դեսպանը սկսեց ինձ համոզել հետևյալ բառերով:

-Անի ջան, ՎՏԲ բանկը ձեր երկրի բյուջեյից 200 անգամ խոշոր կապիտալ ունեցող կազմակերպություն է, իմ խորհուրդն է հեռու մնա այդ թեմայից: Դրանք վտանգավոր ու ամեն բանի ընդունակ մարդիկ են…

Դեսպանին չհաջողվեց ինձ հետ պահել: Ես դեսպանատնից դուրս եկա շատ տհաճ տպավորությամբ:
Մի քանի օր անց ինձ զանգահարեց Տիգրան Ուրիխանյանը: Նախապես ասեմ, որ ես նույնիսկ մոռացել էի նման մարդու գոյության մասին, քանի որ Տիգրան Ուրիխանյանով ոչ ես, ոչ մեր կայքը երբևէ չենք հետաքրքրվել։

Ուրիխանյանը հայտնեց իր աջակցությունն  ինձ՝ ՎՏԲ բանկի հետ կապված և թախանձագին հանդիպում խնդրեց: Այդ մարդուն ես առանձնապես լուրջ չեմ վերաբերվել ու առավել ևս չունեի նրա երկար դատարկախոսությունները լսելու ժամանակը, ուստի անորոշ ժամանակով հետաձգեցի այդ հանդիպումը: Տիգրանը համառորեն զանգում էր ինձ ու հանդիպում էր խնդրում: Նրան միացել էր նաև նրա օգնականը: Հետագայում չնայած իմ պաշտպանի բազմաթիվ պահանջներին ՀՔԾ-ն այդպես էլ չհանեց իմ հեռախոսի վերծանումները, որպեսզի ես հնարավորություն ունենամ ապացուցելու Ուրիխանյանի նախաձեռնությամբ ինձ  բազմաթիվ զանգեր կատարելու փաստը…
Ինչևէ, տեղի տալով Ուրիխանյան Տիգրանի թախանձանքներին ես ի վերջո համաձայնվեցի հանդիպել նրա հետ քննարկելու ՎՏԲ բանկի հետ կապված մեր հնարավոր համագործակցության հեռանկարները:
Տիգրանը, առանց ժամանակ կորցնելու, իր նվիրվածությունն ինձ ապացուցելու համար ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ ամբիոնից, որում բարձրացրեց ՎՏԲ բանկի հետ կապված խնդիրները: Այդ ելույթը կա համացանցում, նույնիսկ ես եմ այդ ելույթը դրել իմ ՖԲ էջում, կարող եք ծանոթանալ։
Ես այդ ժամանակ չէի ենթադրում, որ Տիգրանին ամեն գնով ներդրնում են իմ շրջապատ քրեական գործ բեմականացնելու նպատակով:
Մեր հանդիպումներից մեկի ժամանակ Տիգրանը ինձ առաջարկեց նաև գովազդային համագործակցություն:
Մեջբերում եմ իր խոսքերը․

-Ընկեր ջան, մենք պետք է ուժեղացնենք իրար: Միևնույն է ես թվով երեք կայքերի գովազդային բյուջե ապահովելու համար գումար եմ ստանում ու ինձ համար միևնույն է, թե որ կայքում կդնեմ գովազդ: Իսկ եթե միևնույն է՝ ինչու այդ գովազդը չտեղադրեմ ընկերոջս կայքում՝ այսինքն Անալիտիկում:

Նրա ասածի մեջ ենթատեքստ չփնտրելով, ես մի քիչ մտածելուց հետո համաձայնվեցի: Միակ պայմանս եղել է լրիվ օրինական, պայմանագրով աշխատանքը, իսկ համաձայնվելուս հիմմնական շարժառիթը եղել է այն, որ Տիգրանը խոստանում էր ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալի թեման բարձրացնել ԱԺ ամբիոնից:
Տիգրանը գովազդի դիմաց ինձանից խնդրեց իր նորաստեղծ ու վաղամեռիկ կուսակցության Ալյանսի սպասվելիք մարզային այցելությունների և առհասարակ կուսակցության և իր գործունեության լուսաբանումը, ինչպես նաև իր մասին իր իսկ կողմից գրված քննադատական հոդվածների տեղադրում։

Այդ ժամանակ ևս ես չէի կարող նույնիսկ մտքովս անցկացնել, որ Ուրիխանյանը որպես գործիք ինքն իրեն օգտագործման է հանձնել ու օրերով բեմադրում է ապագա քրեական գործը: Նշեմ, որ Տիգրանի ներկայացուցիչը դատարանում հաստատեց, որ Տիգրանին օգտագործել են՝ հայտարարելով, որ ՎՏԲ բանկն օգտագործել է Տիգրան Ուրիխանյանի հեղինակությունն ընդդեմ Անի Հովհաննիսյանի։
Նշեմ՝ Տիգրանը ձայնագրել է մեր բոլոր խոսակցությունները,անխտիր բոլորը, բայց ամենակարևոր խոսակցությունը, որտեղ ես իբր նրանից գումար եմ պահանջել առ այսօր չի ներկայացրել դատարան, այն պարզ պատճառով որ նման խոսակցություն ընդհանրապես տեղի չի ունեցել: Ավելին՝ նա դատարանում էլ չասեց, որ ես իրենից իբր գումար եմ պահանջել։
Իր օգնականի կողմից նշանակված հանդիպման ժամանակ գովազդի համար նախատեսված գումարն իմ օգնականին փոխանցելուց  առաջ Ուրիխանյանը դիմել էր ոստիկանություն կեղծ հաղորդումով:
Միանգամից հերքեմ մի քանի միֆ

Ինձ բերման չեն ենթարկել, ես ինքս անհանգստացած իմ օգնականի հանկարծակի անհետացումով գնացել եմ ոստիկանություն հայտարարություն տալու:

Ես որևէ մեկից երբեք գումար չեմ պահանջել ու չեմ վերցրել: Դա ոստիկանությունն իր ներկայացրած հայտնի տեսանյութում այնպես ներկայացրեց, որ դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ ինձ ինչ-որ մեկը գումար է տալիս ու ինձ ձերբակալում են: Կրկնում եմ, դա իրականության հետ որևէ կապ չունի: Ոստիկանության ներկայացրած տեսանյութում ես ընդհանրապես չկամ:

3․Տիգրանի կողմից մոնտաժված այն տեսանյութը, որտեղ ներքևում բառային ավելացումներ են, թե  իբր ես իր օգնականի հետ խոսում եմ ինչ-որ գումարային հարցերի մասին, իրականության հետ որևէ կապ չունի, ինչպես նաև անթույլատրելի ապացույց է ճանաչվել դատարանի կողմից, քանի որ ակնհայտ մոնտաժված է և կեղծ։

2016թ մայիսի 5-ին, ինձ ձերբակալելուց 2 օր անց ՀՔԾ վարչության  պետի մակարդակով սկսվեց ինձ մշակելու գործընթացը: Բարձրաստիճան պաշտոնյան իր աշխատասենյակում ինձ առաջարկեց իմ չկատարած հանցանքում մեղադրել տարբեր մարդկանց, տարբեր մարդկանց մասին տեղեկություններ հայտնել, ինչի փոխարեն ինձ խոստացավ ազատություն:

Ուշադրություն՝ նա ոչ թե հետաքրքրվում էր իրականությամբ, կամ հարցաքննում էր, այլ ուղիղ խոսքով ինձանից պահանջում էր զրպարտել միանգամայն անտեղյակ մարդկանց, օրինակ՝ ՀՀ ԱԺ լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանին կամ ոստիկանության որևէ աշխատողի իմ ցանկությամբ: Ոստիկանության դեմ ՀՔԾ բոլոր մակարդակների սևեռվածությունը գնահատում եմ հիվանդագին: Իմ ապշած հարցին, թե նույնիսկ ցանկության դեպքում չեմ կարողանա տեխնիկապես դա անել, քանի որ օրինակ Արսեն Բաբայանի հետ վերջին անգամ շփվել եմ մեկ տարի առաջ ինձ պատասխանեցին, որ հոգ չէ, ՀՔԾ մասնագետներն ամեն բան կգրեն,կսարքեն, կշարադրեն իսկ ինձ կմնա միայն ստորագրել դրա տակ ու վայելել ազատությունը:

Ես բնականաբար մերժեցի ու դա արեցի առաջին հերթին ինքս ինձ համար, քանի որ չէի պատրաստվում ընդունել չարածս, էլ ուր մնաց չարածիս մեջ հանցակից դարձնեի մարդկանց ովքեր նույնիսկ անուղակի կապ չունեին այս ամենի հետ:

Այստեղ ՀՔԾ-ում սկսվեց խուճապը: Նրանք այս սցենարը  չէին հաշվել: Նրանք ենթադրում էին, որ ես լինելով կին շուտ կկոտրվեմ ու լաց լինելով կհամաձայնվեմ այդ ստոր գործարքին, բայց այդպես չէր կարող լինել: Ինձ մեղադրում էին մի բանում, որը ես չէի կատարել և նույնիսկ եթե ցմահ բանտարկվեի միևնույն է չէի կոտրվելու: Այդ միտքը ինձանից չէին էլ թաքցնում: Կարեն Կարապետյանը իր հանդիպումների ընթացքում, իսկ հետագայում նաև քննիչը ինձ անընդհատ  ասում էին, որ իմ միակ ելքը բանտից դա ստորագրելն է իրենց ասածների տակ:
Ի դեպ, Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ապօրինի կերպով ներս չէին թողնում իմ փաստաբանին, ինչը ֆիքսված է ՄԻՊ գրասենյակում։ Նշեմ նաև, որ այդ ընթացքում Լիպարիտ Սիմոնյանը դեռ ներգրավված չէր որպես  իմ փաստաբան։ Այնուհետև սկսվեց իմ անձի նկատմամբ այնպիսի հետապնդում, որ ինձ սկսեցին մեղադրել հանցանքներում, որոնք ենթադրաբար կատարվել էին ինչ-որ ժամանակահատվածում, երբ ես ոչ այդ մարդկանց էի ճանաչում, ոչ կարող էի կապ ունենալ այդ ենթադրյալ գործողությունների հետ։ <<Անալիտիկ>> ՍՊԸ-ին խոշոր գումար տուգանեցին չգրանցված աշխատողներ ունենալու համար, պատկերացրեք՝ ես բանտում և ամեն ամիս ՊԵԿ-ից ստանում եմ հերթական տույժն ու տուգանքները վճարելու մասին նամակներ։ Աբսուրդն այն աստիճան էր, որ ինձ քողարկված ցանկությունների համար մեղադրանք առաջադրեցին, թե իբր ես ունեցել եմ ինչ-որ քողարկված նպատակներ, ցանկություններ։

Ընդհանուր առմամբ իմ նկատմամբ հարուցվեց 4 տարբեր հոդվածներով քրեական գործ, որոնցից 3-ով արդարացվեցի։Ամբողջ քրեական գործը բաղկացած է 18 հատորից, որից ինձ հետ առնչություն ունի ընդամենը 80 էջը։

Բայց սա դեռ ամենը չէ: Երբ ես ընդդիմացա՝ ասելով, թե հասարակական կարծիքն իմ կողմից կլինի, ՀՔԾ վարչության պետ Կարեն Կարապետյանը ժպտաց ու հայտնեց, որ ես շատ միամիտ եմ, եթե կարծում եմ լրագրողների մեջ չկան ՀՔԾ-ի համար աշխատողներ: Նա հպարտությամբ ինձ տեղեկացրեց, որ ունեն իրենց գրպանի լրագրողները և որպես օրինակ նշեց, որ Թագուհի Թովմասյանին ինչ հրամայեն, այն էլ կգրի իմ մասին ու ՀՔԾ-ն կքննի Թագուհու թերթում իրենց կողմից մոգոնված ու հրապարակված վարկածները:

-Դրա համար էլ, աղջիկ ջան, դու կգնաս բանտ, իսկ Թագուհին իր բիզնեսը կբացի ու հերթական անշարժ գույքը կգնի Երևանի կենտրոնում: Լավ մտածիր…
Կարեն Կարապետյանն ինքնավստահ կերպով ինձ հայտնեց, որ քրեական գործը ՀՔԾ-ի վարույթում քննելու իրավաբանական հիմքը Ժողովուրդ թերթում ՀՔԾ-ի թելադրանքով տպագրված հոդվածն է եղել: Այսինքն նախաքննական մարմինը պատվիրել է իմ դեմ սուտ հոդված ու այդ իսկ սուտ հոդվածի հիմքով քրեական գործը դատախազությունից փոխանցել են ՀՔԾ: Ավելի սերտ համագործակցության օրինակ անմեղ մարդու գլխին գործ սարքելու շրջանակում ես չգիտեմ:
Մեկուկես տարի մտածել եմ այս խոսքերի շուրջ: Սա համարում եմ իմ դեմ հետապնդումների ամենացավոտ մասը, երբ անմեղ մարդու, կնոջ ու լրագրողի դեմ կեղծ գործ սարքելուն ներգրավում են լրատվամիջոց: Չգիտեմ՝ Կարեն Կարապետյանի խոսքերը ճիշտ են թե ոչ, ամեն դեպքում արժե ստուգել։  Ու ես արդեն դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին լուրջ ստուգում իրականացնելու պահանջով, առավել ևս ինչպես հետագայում պարզվեց իմ օրինակը եզակի չէ:

Արսեն Բաբայանին ու բազմաթիվ ինձ ծանոթ ու անծանոթ պաշտոնյաների, այս գործի մեջ ներքաշելու փորձերը կրում էին պարբերական բնույթ, շարունակվեցին 9 ամիս՝ մինչև շինծու մեղադրական եզրակացության դատարան ուղարկելը: Քննիչը համոզում էր նույնիսկ պետական հիմնարկներից ցանկացած մեկի մամուլի խոսնակի վրա շառ անել։
Ցանկացած պետական հիմնարկի ցանկացած մամուլի խոսնակի ու նույնիսկ որևէ կապ չունի ես ծանոթ եմ, թե ոչ… Նույնիսկ խոստանում էին իմ փոխարեն ամեն ինչ գրել, առաջարկելով ընդամենը ստորագրել շարադրածի տակ ու գնալ տուն:

Կարծում եմ՝ իմ 18 ամիս տևած ապօրինի բանտարկության ժամանակ ցուցաբերած համառությունը, որը պետք է նշեմ ինձանից անմարդկային ջանքեր պահանջեց, վկայում է այն մասին, որ իմ պայքարը, ազատության համար չէ: Ես հասնելու եմ իմ արդարացման, նույնիսկ եթե դրա համար պետք լինի սպասել ՄԻԵԴ-ի վճռին մի քանի տարի: Ես հասնելու եմ կեղծ քրեական գործի բոլոր բեմադրիչների պատժին:

Մեկուկես տարվա ապօրինի բանտարկությանս մասով ես պարտադիր գնալու եմ մինչև ՄԻԵԴ: Ռուս-Ադրբեջանական ՎՏԲ բանկի մասով իմ դիրքորոշումից կես քայլ անգամ հետ չեմ կանգնել ու չկա աշխարհում որևէ ուժ, որը կստիպի ինձ հետ կանգնել դրանից:

Ասեմ, որ ՀՔԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն օղակը լինելով հանդերձ  համալրված է հիմնականում ոչ կոմպետենտ մարդկանցով, իսկ Կարեն Կարապետյանի նման պաշտոնյաներն ուղակի սպառնալիք են մեր երկրի անվտանգության համար: Ես լինելով ՀՀ քաղաքացի ու այս ամենից հետո նույնքան սիրելով իմ երկիրը, չեմ ցանկանում տարբեր միջազգային հարթակներում իմ այս պատմությամբ խոցելի դարձնել իմ պետությունը, սակայն նաև հաստատակամ եմ այս ամբողջ կեղտի դեմ պայքարելու մտադրության մեջ ու ի վերջո հրապարակային վերականգնելու եմ իմ բարի համբավը: Եթե իմ նկատմամբ ապօրինի հետապնդում, ճնշումներ իրականացրած, կեղծ քրեական գործ սարքած պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ սահմաններից ներս, ես այդ քայլը կգնահատեմ, որպես բարեփոխվելու պատրաստակամություն և կենթադրեմ, որ իմ նշած պաշտոնյաները գործում էին ինքնագլուխ ու առանց վերևի թելադրանքի, իսկ եթե նրանք մնան անպատիժ, այդ դեպքում ես իրավունք կստանամ եզրահանգելու, որ այդ պաշտոնյաները գործում էին ամենաբարձր հովանավորությամբ, ինչը, ի դեպ, նրանք ամեն հանդիպման վերջում պարտադիր շեշտում էին՝ նախաքննության ողջ ընթացքում:

Նույն շարքից