Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին:
Հայաստան առաջին անգամ այցելած ԳԴՀ հրշեջների միության նախագահին ներկայացվեց երկրի՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ու գործողությունների հերթականությունը:
Անդրադառնալով Գերմանիայի հետ համագործակցությանը՝ Մ. Ղազարյանը նշեց, որ 1996 թ.-ին Գերմանիայի կողմից տրամադրված առաջին պրոֆեսիոնալ փրկարարական մեքենաները մինչ այսօր սարքին են և շարունակում են կիրառվել փրկարարական աշխատանքներում:
-ՀՀ ԱԻ նախարարությունն ակտիվ համագործակցում է այլ երկրների հետ, անհրաժեշտության դեպքում արձագանքում և տրամադրում փրկարարական օգնություն՝ գիտակցելով, որ միայն փրկարարների միջև ամուր համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր կանխել վրահաս վտանգը:
Հ. Ցիբսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ համակարգի աշխատանքներին մանրակրկիտ ծանոթանալուց հետո համագործակցության եզրեր անկասկած կգտնվեն.
-Այս պահին մենք ունենք հստակ առաջարկ. կազմակերպել ՀՀ հրշեջ-փրկարարների վերապատրաստումը Գերմանիայում: Դասընթացները հնարավորություն կտան կիսվել փորձով և ձեռքբերել նոր հմտություններ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը նշեց, որ դասընթացների մասնակցությունը միայն կնպաստի առավել պատրաստված մասնագետներ ունենալուն:
Քննարկվեցին նաև կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, քիմիական և ռադիոակտիվ նյութերի ակտիվացման դեպքում գործողությունների հարցերը:
Հանդիպման ավարտին Հ. Ցիբսը շրջեց ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ՀՀ և ԳԴՀ համագործակցության հնարավորություններն ամրապնդելու նպատակով համաձայնություն ձեռքբերվեց Հարթմութ Ցիբսի համար ճանաչողական այց կազմակերպել նաև հրշեջ-փրկարարական ջոկատներ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն: