Հասարակություն 

Իրազեկում՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հորուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

ՀՀ ոստիկանության պետը դիմել էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ Մուշեղ Շուշանյանի կողմից հրապարակային վիրավորական արտահայտություններ կատարելու վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար: Դիմողը նշել էր, որ փաստաբանի նմանօրինակ անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցել էր կարգապահական վարույթ, որոշման մեջ նշելով հետևյալը՝

«Փաստաբան Մուշեղ Շուշանյանի հրապարակային խոսքերում կան մտքեր, որոնք ոստիկանության հասցեին քննադատություն են պարունակում և կարող են տեղավորվել փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման համատեքստում: Մասնավորապես՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշել է՝ «Ոստիկանական գործողությունները, որ իրականացվեցին «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ, ես ոստիկանության հատուկ գործողություն եմ որակում։ Որովհետև ակնհայտ սադրիչ գործողությունների էին դիմում, այսինքն՝ առանձին ոստիկաններ հայհոյում էին «Սասնա ծռեր»-ի հարազատներին, համակիրներին։ Ամեն ինչ արվում էր, որ բախումներ հրահրվեն։ Պարզ է, որ եթե ոստիկանությունը նպատակ ուներ դիմելու սադրանքի, իրենք իրենց նպատակին հասան»:

Փաստաբանը չի կարող վախենալ կամ մտահոգվել իր վստահորդին պաշտպանելու նպատակով սուր քննադատական խոսք կամ «մեղադրանքներ» հնչեցնելու համար, քանի որ իր դիրքորոշման և առաջ քաշած փաստերի ստուգման միջոցով պետք է պարզվի իրականությունը: Սկզբնական փուլում, երբ հասարակությանը կամ իրավասու մարմնին հայտնի չեն դեպքի իրական փաստերը, բնական է, որ վեճի (միջադեպի) հակառակորդ կողմերի դիրքորոշումները հակասելու են միմյանց:

Այնուհանդերձ, փաստաբանը պարտավոր է ղեկավարվել Կանոնագրքի պահանջներով և սուր քննադատություններից չանցնել վիրավորանքների:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի քննադատական խոսքերից բացի առկա են նաև արտահայտություններ, որոնք փաստաբանի կողմից կատարված լինելը հաստատվելու դեպքում կարող են հակասել վերոհիշյալ կանոններին: Մասնավորապես վերջինս նշել է՝ «…Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունն իրավապահ մարմին չէ, զինված հրոսակախումբ է, որը պատրաստ է կատարել ցանկացած հանցավոր հրաման…»։

Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նաև արձանագրվել է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

2017թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը քննության առնելով Մուշեղ Շուշանյանին պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել է՝

1. Փաստաբան Մուշեղ Շուշանյանի (արտոնագիր թիվ 387) նկատմամբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5–րդ մասի պահանջի խախտման հիմքով հարուցված թիվ 17048 կարգապահական վարույթը կարճել:

2. Փաստաբան Մուշեղ Շուշանյանին (արտոնագիր թիվ 387) ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի պահանջների խախտման համար:

3. Փաստաբան Մուշեղ Շուշանյանի (արտոնագիր թիվ 387) նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` իր հաշվին լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն Դեոնթոլոգիա թեմայով, 6 ամսվա ընթացքում 8 ակադեմիական ժամ ժամաքանակով:

4.  Պալատի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման մասին իրազեկել կողմերին:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը լրացուցիչ կհրապարակվի:

Նույն շարքից