Քաղաքականություն 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյոլերին, որը Հայաստան է այցելել այստեղ անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության ընդլայնման ու խորացման հնարավորությունները և նոր ուղղությունները:

Քննարկվեցին արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, արձագանքման ՀՀ ԱԻՆ-ի կարողությունների հզորացման հնարավորությունները, մասնավորապես՝ դասընթացների և փորձի փոխանակման միջոցով փրկարարների պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

Կողմերը դիտարկեցին նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարածաշրջանում աղետներին դիմակայելու և արձագանքելու գործընթացում անդրսահմանային համագործակցության ակտիվացման հնարավորությունները: ԱԻ նախարարը շեշտեց, որ ՀՀ ԱԻՆ փրկարարական թիմերը պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հովանու ներքո կազմակերպվող վարժանքներին:

Նշելով, որ ՆԱՏՕ-ի օրակարգում նորովի է կարևորվում քաղաքացիական պատրաստվածության և մարդածին աղետներին դիմակայունության բաղադրիչը՝ տիկին Գոտեմյոլերը պատրաստակամություն հայտնեց նպաստելու ՀՀ ԱԻՆ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության խորացմանը:

Նույն շարքից