Գլխավոր Քաղաքականություն 

Ազգային ժողովում կրքերը թեժ են. Հարվածներ սեղաններին. ԵԼՔ-ը լքեց դահլիճը

analitik.am

Այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ ԵԼՔ խմբակցությունը կոչ արեց չմասնակցել քվեարկությանը, ինչը թույլ կտար տապալել նախագծի ընդունում, քանի որ այն սահմանադրական էր:

ԵԼՔ խմբակցության կոչին արձագանքեց Ծառուկյան խմբակցությունը՝ չմասնակցելով քվեարկությանը:

Քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չեղավ: Եթե այսպես մնար նախագիծը չէր անցնելու՝ Սահմանադրության համաձայն, քանի որ օրինագիծը համարվում է սահմանադրական: Սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Հանրապետական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել, բացի դրանից հաշվվեց գործուղման մեջ գտնվող ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ձայնը: Հետևաբար 63 կողմ-ով օրինագիծն անցավ:

Սրան հաջորդեցին վարման կարգով ձայն խնդրելու պահանջները, հերթով հանդես եկան ԵԼՔ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները՝ հայտարարելով, որ անօրինականություն է տեղի ունեցել: Հանրապետական խմբակցությունը՝ ի դեմս ԱԺ խոսնակի, նշեց, որ ամեն ինչ օրինական է: Ապա ընդդիմադիր ուժը շարունակեց պահանջել նոր քվեարկություն, սակայն պահանջը չկատարվեց: ԵԼՔ-ն արդյունքում հայտարարեց նիստերի դահլիճը լքելու մասին՝ մինչև այս հասցնելով թմբկահարել սեղանների վրա:

Նշյալ օրենքից հետո բոլոր քվեարկված օրենքների քվեարակությանը չմասնակցեց նաև Ծառուկյան խմբակցությունը:

Նույն շարքից