Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ նիստը սկսվեց երեկ աղմուկ բարձրացրած նախագծի շուրջ բուռն քննարկումներով: Խոսքը վերաբերում է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Նախ ելույթ ունեցան ԵԼՔ խմբակցության պատգամավորները, ովքեր բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը՝ կրկին հայտարարելով, որ օրենքը չի ընդունվել, խախտում է տեղի ունեցել:
Բացի քվեարկության ընթացքում առաջացած խնդիրներից, ԵԼՔ պատգամավորները խոսեցին նաև այն մասին, որ ԱԺ նախագահն օրենքը սահմանադրական է անվանել, իսկ ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել է, թե այն սահմանադրական չէ: Ընդդիմադիր ուժի պատգամավորները քննադատեցին նաև Հանրային հեռուստաընկերությանը, որի ռեպորտաժում, պատգամավորների պնդմամբ, ներկայացվել է, որ թյուրիմացության մեղավորը ԵԼՔ-ն է:
Ապա ելույթ ունեցան ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որոնց խոսքերով օրենքն անցնել է առանց կարգի խախտմամբ, իսկ դրա սահմանադրական լինել-չլինելու հարցն իրավաբանների հարցն է: ԱԺ ղեկավարությունը հիմնվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրահանգման վրա:
Ելույթ ունեցավ նաև Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ ի նշան բողոքի, խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը:
Ավելի ուշ խոսեց նաև ԱԺ հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ օրենքը սահմանադրական է, որ դա որոշում են հենց պատգամավորները: