Հասարակություն 

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգևորականներ

analitik.am

Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների և պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա:

Ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտման հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների վերաբերյալ վիճակագրական և այլ տվյալներ:

2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավական աջակցության արդյունքում 7 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել, 2 զորակոչիկի դեպքում ցուցում է տրվել կրկին հետազոտությունների ուղեգրել վերջիններիս և կրկին ներկայացնել ԿԲՀ նիստին:

Զեկույցը ներառում է նաև 2017 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած 22 զորակոչիկների հետ անցկացված հարցումների արդյունքերը: Այն վերաբերում է զորակոչի ընթացքում բժշկական զննության իրականացմանը, դրա ընթացքում անձի առողջական վիճակի գաղտնիության պահպանմանը և զորակոչիկների նկատմամբ բժշկական հանձնաժողովի անդամների ցուցաբերած վերաբերմունքին:

22 հարցվածներից 16-ը նշել է, որ բժշկական հանձնաժողովի անդամներն անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել իրենց նկատմամբ, իսկ 1 հոգի նշել է, որ ծաղրանքով են վերաբերել: Ավելին՝ իրենց առողջական խնդիրների մասին հայտնած զորակոչիկների մի մասին անհրաժեշտ հետազոտությունների չեն ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով:

Կազմակերպություն դիմած զորակոչիկների ներկայացրած խնդիրների գերակշիռ մասը կապված է եղել առողջական վիճակի հետ:

Զեկույցում ներառված են նաև 1998 թ.-ից մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած և ազատված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Ուշագրավ է, որ 1998-ից մինչ 2017 թ. հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգևորականներ։

Զեկույցում ներկայացված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:

Ավելին՝ այստեղ

Նույն շարքից