Վերլուծական գլխավոր 

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 11 արքայազն է ձերբակալվել

Չնայած հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սաուդյան վերնախավի հարյուրավոր ներկայացուցիչներ ձերբակալվել էին կոռուպցիոն մեղադրանքներով, իրավիճակը երկրում չի կայունանում: Ռոյթերսի հաղորդմամբ, Սաուդյան իշխանություններն այժմ էլ ձերբակալել են 11 արքայազնի, որոնք մասնակցում էին բողոքի ակցիային՝ ընդդեմ կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Սա հերքում է New York Times-ին այդ երկրի ժառանգորդ արքայազն Մուհամեդ Սալման ալ Սաուդի տրված հարցազրույցում առկա այն պնդումները, ըստ որոնց ձերբակալվածների 95%-ը համաձայնվել են համագործակցել իշխանությունների հետ: Ակնհայտ է, որ որոշ աղբյուրների պնդմամբ 15,000 մարդուց բաղկացած Սաուդյան արքայական ընտանիքը միատարր չէ և լուրջ ներքին հակամարտությունների ֆոնին վստահություն չի ներշնչում պարբերաբար իր տարածքը հրետանակոծելու ուժերին դիմակայելու հարցում:

Օրերս մերձավորարևելյան մեկ այլ երկրում նույնպես բողոքի ակցիաներ տեղի ունեցան՝ սոցիալական արդարության պահանջով: Իսրայելում տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան բողոքի ցույցերի՝ պահանջելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը: Այս իրադարձություններն ուշագրավ են այս տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքացիական շարժումների համատեքստում:

Իրանի բարձրագույն ղեկավարությունն այդ երկրում տեղի ունեցող անկարգությունների պատասխանատվությունը բավականին միանշանակորեն դրեց հենց Սաուդիան Արաբիայի և Իսրայելի վրա: Դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կունենան այդ երկրներում քաղաքացիական բողոքի ակցիաները, սակայն ակնհայտ է, որ կայունացող Սիրիան, մարտնչող Եմենը, համերաշխություն հայտնող Թուրքիան ու Քաթարը և ԱՄՆ-ի դեմ ցուցադրաբար դեմարշներ անող Պակիստանը Իրանի Իսլամական Հանրապետությանը բազմաթիվ խաղաքարտեր են տալիս հակառակորդներին իրենց իսկ «զենքով» հարվածելու համար: Տարածաշրջանում ուժերի վերբաշխման մասին վկայում է նաև ԱՄՆ կողմից հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստի տապալումը, որտեղ ԱՄՆ դաշնակից Ֆրանսիան իր դաշնակցին սթափվելու կոչ արեց, իսկ Չինաստանը պնդեց, որ տարածաշրջանում անկայունությունը հրահրվում է Պաղեստինում, ոչ թե Իրանում՝ ակնարկելով ԱՄՆ նախագահի անվերապահ իսրայելամետ դիրքորոշումը:

 

«Անալիտիկ» վերլուծական բաժին

Նույն շարքից