Առողջապահություն Հասարակություն 

Խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից․ ԱՆ

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակների տարածվածության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

Նախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են:

Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան` որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով: Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

– խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

– եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,

– եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

– հագնվե´ք եղանակին համապատասխան,

– պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

– հետևե´ք անձնական հիգիենային»:

Նույն շարքից