Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Վթարի գործը քննող Արաբակիրի պետի հայրը գազի Կոլյաի աշխատակիցն է. Քննչականն ու Ոստիկանությունը մարտի են բռնվել

analitik.am

Վարչապետի մտերիմների հետ կապված միջադեպը, որը երկու ոստիկանի մահվան պատճառ դարձավ, մնում է քննարկման առաջին թեման, քանի որ անընդհատ նոր տեղեկություններ են ի հայտ գալիս: Հունվարի 11-ը նշանավորվեց նրանով, որ Քննչական Կոմիտեն ստիպված էր Ոստիկանության հետ բաց մարտի բռնվել։ Պատճառը այն է, որ ակնհայտ էր անպատժելիությունը, որն ընկած էր հիշյալ անձանց հանցածին վարքագծի հիմքում, իսկ այդ անպատժելիությունը թույլ են տվել հենց քննիչները, այլ ոչ թե Ոստիկանությունը:

Այս տեսակետը հերքելու համար Ազատություն ռադիոկայանին պարզաբանում տվեց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նույն ռադիոկայանը րոպեներ անց ներկայացրեց Ոստիկանության լրատվության պետ Ահարոնյանի մեկնաբանությունը։ Քանի որ այս խաչաձև պարզաբանումների վերլուծություն չի ներկայացվել, մենք որոշեցինք մեր ընթերցողներին ներկայացնել իրականությունը երեք մասով՝ ի՞նչ է եղել, ի՞նչ շուրջ են վիճում իրավապահները և ինչո՞ւ է խնդիրը:

Ի՞նչ է եղել

Կա հայտարարություն, որ ս.թ. սեպտեմբերի 12-ին Սերժ Վարդանյանը կողոպուտ է իրականացրել: Կողոպուտի հատկանիշներով ոստիկանությունը գործ է հարուցել, փոխանցել այն Քննչական Կոմիտեին: Հոկտեմբերի 7-ին քննիչի պահանջով ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին, որից հետո քննիչը Վարդանյանին ստորագրությամբ ազատ է արձակել:

Կա հաղորդում, որ նույն Վարդանյանը նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» պանդոկում խուլիգանություն է կատարել: Հարուցվել է քրեական գործ և դեկտեմբերի 1-ին փոխանցվել Քննչական Կոմիտե։ Դեկտեմբերի 25-ին քննիչը պահանջել է ոստիկանությունից բերման ենթարկել կասկածյալին: Ոստիկանությունն այցելել է գործում առկա հասցեներով և չհայտնաբերելով կասկածյալին տեղեկացրել այդ մասին քննիչին: Քննիչը հունվարի 9-ին հետախուզում է հայտարարել, որի հիման վրա ոստիկանները գտել և բերման են ենթարկել Վարդանյանին:

Ինչո՞ւ են վիճում իրավապահները

Հոկտեմբերի 10-ին «02» հաղորդման շրջանակներում տարածված տեսանյութում ասվում է, որ Վարդանյանը երկու անգամ բերման է ենթարկվել և երկու անգամ էլ ստորագրությամբ բաց թողնվել քննիչի կողմից: Մինչդեռ, փաստաթղթերով դա միայն մեկ անգամ է տեղի ունեցել: Սա վկայակոչելով՝ ՔԿ նախագահի խորհրդական Տռուզյանը պնդում է, որ Ոստիկանությունը ապատեղեկատվություն է տարածել: Տռուզյանը պնդում է, որ առաջին անգամ ստորագրությամբ է ազատվել, իսկ երկրորդ անգամ ՔԿ-ն մեղադրանք չէր էլ կարող ներկայացնել, քանի որ Վարդանյանը բերման չէր ենթարկվել մինչև հետախուզում հայտարարելը, հետևաբար ազատել էլ չէին կարող:

Ո՞րն է  խնդիրը

Խնդիրն այն է, որ քննիչները միայն հունվարի 9-ին, այսինքն, Սարգիս Վարդանյանի ՃՏՊ-ի մյուս օրն են հետախուզում հայտարարել Սերժ Վարդանյանի նկատմամբ: Փաստացի, քննիչները 25 օր բերման ենթարկելու պահանջ չեն ներկայացրել Ոստիկանություն և սա այն դեպքում, երբ Վարդանյանը մեկ այլ քրեական գործում էլ է ներգրավված եղել և ազատության մեջ է եղել, քանի որ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը։ Սա նշանակում է, որ նախ քննիչները պետք է ընտրեին այս խափանման միջոցը միայն այն դեպքում, եթե կային բավարար ապացույցներ և հիմքեր, որ տվյալ անձին յուրաքանչյուր պահի կարող են հայտնաբերել, երկրորդ՝ տվյալ անձի կողմից մեկ այլ հանցանք կատարելու մասին Ոստիկանությունից նյութեր ստանալու պահին պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեին տվյալ անձին բերման ենթարկելու համար։ Սակայն, բերման պահանջը չբավարարելու դեպքում էլ չեն ցանկացել հետախուզում հայտարարել: Ոստիկաններն էլ, բնական է, առանց հետախուզում հայտարարելու չեն հայտնաբերել Սերժ Վարդանյանին, իսկ հետախուզում հայտարարելուց ժամեր անց Վարդանյանը հայտնաբերվել է: Այս 40 օր տևած գործընթացի ու ողբերգական վթարի հետևանքների պատասխանատվությունը ոստիկաններն ու քննիչները փորձում են իրար վրա բարդել:

Այս ամենի համատեքստում հունվարի 11-ին տեղեկություն հրապարակվեց, որ այս քրեական գործը քննող Արաբկիր վարչական շրջանի քննչականի պետի հայրը կասկածյալների պապու՝ Նիկոլայ Գաբրիելյանի (Գազի Կոլյաի) աշխատակիցն է: Ցավալին այն է, որ այս և վերոհիշյալ բազմաթիվ նրբությունները բացահայտվեցին, քանի որ երկու ոստիկանների մահվան պատճառով իրավապահ համակարգը վերջապես սկսեց ինքն իրեն հակակշռել: Սակայն, երբ տուժողները համակարգից դուրս են, այս թափանցիկությանը գրեթե անհնար է հասնել:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից