Այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբոլյանը հայտարարեց, որ հունվարի 23-ին ժամը 11:00-ին լսումներ է հրավիրում առանձին ապրանքների մասով գրանցված թանկացումների հարցը, գնաճը մեղմելու հնարավորությունները քննարկելու համար:
Սրան հաջորդեցին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների ելույթները: Մասնավորապես խոսեցին Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը: Նրանք նշեցին, որ կայանալիք լսումները, եթե տեղի ունենան էլ արդյունավետ չեն լինելու: Ընդդիմադիր պատգամավորների խոսքերով, թանկացումների դեմն առնելու համար անհրաժեշտ է անհապաղ փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում:
ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թանկացումները, որոնք գրանցվել են կարագի, մսի, բենզինի, դիզվառելիքի և այլ ապրանքների մասով՝ նշելով, որ գնաճը նոր թափ է հավաքելու և կոչ անելով բոլորին հունվարի 19-ին մասնակցել բողոքի ակցիային, որը լինելու է թանկացումների դեմ:
Նմանատիպ կոչով հանդես եկան Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը՝ նշելով, որ թանկացումների դեմ պայքարն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե մարդիկ դուրս գան փողոց: