Քաղաքական 

ԵԼՔ-ը կհանդիպի Արմեն Սարգսյանի հետ, սակայն դեմ կքվեարկի նրա թեկնածությանը. ԵԼՔ խմբակցության պատգամավոր

«Մենք գոհ ենք հունվարի 19-ին կայացած երթից»,-այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ փետվարի 5-ին ևս մեկ ակցիա է կազմակերպվելու:

Ինչ վերաբերում է թանկացումների թեմայով հունվարի 23-ին կայանալիք խորհրդարանական լսումներին, ապա Գորգսիյանն ասաց, որ դրանցով իշխանությունները ցանկանում են իմիտացիա ստեղծել, թե հետաքրքրված են դրանով: Ամեն դեպքում նա նշեց, որ կմասնակցեն այդ լսումներին:

ԵԼՔ խմբակցության պատգամավորը խոսեց նաև վերջին օրերին մասնավորապես բենզինի թանկացման մասին: Նրա խոսքերով, դա առնվազն անհասկանալի է, քանի որ ակցիզների բարձրացման հիմքով թանկացումն արդեն տեղի էր ունեցել:

Գորգիսյանը շարունակեց նաև պնդել, որ թանկացումների հիմնական պատճառը հարկային քաղաքականությունն է:

Ճեպազրույցի մյուս բանախոս ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, խոսելով նախագահի Հանրապետական թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, նշեց, որ իհարկե վերջինս սկանդալների մեջ չկա, սակայն Հանրապետականի թեկնածուն է, ինչը խոսուն փաստ է:

Միրզոյանը հայտարարեց, որ հանդիպելու են Սարգսյանի հետ, սակայն դեմ են քվեարկելու:

Գորգիսյանն իր հերթին նշեց, թե իրենց թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, ավելի հարմար է, և եթե  Հանրապետականները վստահ են, որ իրենց թեկնածուն ավելի լավն է, կարող են լրացնել պակաս 18 ստորագրությունները, որպեսզի ԵԼՔ-ի թեկնածուն կարողանա մասնակցել ընտրություններին:

Նույն շարքից