Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

«Գազպրոմ»-ի և «ՎՏԲ»-ի փայը FACEBOOK և TWITTER սոցցանցերում. Ի՞նչ կապ ունի Դմիտրի Մեդվեդևը

analitik.am

Անցած տարվա նոյեմբերի 5-ին գերմանական «Süddeutsche Zeitung» լրատվականը «Միջազգային Հետաքննող Լրագրողների Կոնսորցիում»-ին փոխանցեց իր տրամադրության տակ գտնվող 13 միլիոնից ավելի գաղտնի փաստաթուղթ, որոնք պարունակում էին 19 տարբեր օֆշորային գոտիներում կատարված բազմաթիվ գործարքների մասին մանրամասն տեղեկություն: «Դրախտային փաստաթղթեր» անվանումը ստացած այս փաթեթը դարձավ հարյուրավոր սկանդալների պատճառ:

Նույն նոյեմբերի 5-ին բրիտանական «Guardian»-ը հրապարակեց հոդված, որում մանրամասն ներկայացվեց, թե ինչպես է «Գազպրոմ»- ի և «ՎՏԲ» բանկի միջոցներով ռուս գործարարներ Միլներին և Ուսմանովին պատկանող ընկերությունը 2011 թվականին 980 և 191 միլիոն դոլար ներդրել համապատասխանաբար Facebook և Twitter սոցիալական ցանցերում։ Նույն փաստաթղթերում արձանագրված է նաև 2015-ին Միլների իրականացրած ներդրումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների ընկերությունում։

Յուրի Միլները հանդիսանում է Mail.ru ընկերության հիմնադիր, որը 2010 թվականին գնվել է Ալիշեր Ուսմանովի կողմից: Ուսմանովն իր հերթին ժամանակին տնօրինել է «Գազպրոմ»-ի ներդրումային ճյուղը: Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մի քանի անգամ անդրադարձել է Ուսմանովի՝ «Գազպրոմ»-ի միջոցներով կատարված գործարքներին և այդ միլիարդատիրոջ և ՌԴ ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կապին։ Մինչդեռ, Միլները եղել է Դմիտրի Մեդվեդևի կողմից ստեղծված «Արդիականացման Հանձնաժողով»-ի անդամ, երբ վերջինս դեռ ՌԴ նախագահ էր:

Ներկայումս թե՛ «ՎՏԲ»-ն, թե՛ «Գազպրոմ»-ը գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ազդեցության տակ, իսկ վերոհիշյալ սոցիալական ցանցերում նրանց ունեցած մասնաբաժիններն օտարված են: Մինչդեռ, ԱՄՆ հատուկ ծառայությունների հետաքննությունը սոցիալական ցանցերի միջոցով ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հատուկ ծառայությունների միջամտության վերաբերյալ շարունակվում է։

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից