Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը չի բացառում, որ Արմեն Սարգսյանը կարող է մերժել ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածու լինելու առաջարկը: Նրա խոսքերով, դա կախված է նրանից, թե որքանով նա վստահ կլինի՝ կարող է իրականացնել իր տեսլականը, թե՝ ոչ. «Նա կայացած մարդ է: Վստահ եմ, որ բանակցությունների հիման վրա է իր որոշումը կայացնելու»:
Ինչ վերաբերում է առհասարակ դրան, որ Հանրապետականի ընտրություն կանգ առավ հենց Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպանի վրա, ապա Պողոսյանը նշեց, որ համեմատության մեջ վերջինիս համարում է լավագույնը, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում չկային այլ թեկնածուներ:
Պողոսյանի խոսքերով, ցավալի է, որ չկա այլընտրանք, քանի որ ԵԼՔ-ի առաջադրած թեկնածու Արտակ Զեյնալյանը նույնիսկ անհրաժեշտ քանակությամբ ձայները չի կարողանում ստանալ ընտրություններին մասնակցելու համար: Իսկ այսպես ուղղակի պատգամավորները այո կամ ոչ են ասելու Սարգսյանի թեկնածությանը:
ԱԺ նախկին պատգամավորը նաև չի հավատում, որ նախագահի պաշտոնի համար պայքարում երկորդ փուլ կլինի: Նա կարծում է, որ հարցը լուծվելու է հենց առաջին փուլում: