«Ես նախ խնդրում եմ ձեզ մի քիչ հանդարտվել, ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես չհայտարարեցի, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»,-այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամի հարցին պատասխանելով, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության անդամի այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չխոսեց Խոջալուի դեպքերի մասին, որոնց, նախագահի խոսքերով, չգիտես ինչու Ադրբեջանում ցեղասպանություն են ասում, Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ ցավալի իրադարձություններից հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն շարադրել է փաստերը և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները:
Սերժ Սարգսյանի խոսքով, ցեղասպանությունը լավ բան չէ, դա տանջանք է, իսկ Ադրբեջանը ցանկանում է անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը. «Սա անթույլատրելի է, ինչո՞ւ է պետք ձեզ մի բանն անվանել ցեղասպանություն, որը երբեք չի եղել, հատկապես հայերի կողմից»:
Սերժ Սարգսյանին հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտնի փաստաթղթի վերաբերյալ հարց ուղղեց թուրք ներկայացուցիչը: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ թուրքական կողմը փաստաթուղթը ստորագրելուց հետո նախապայմաններ է առաջ քաշել, ինչն անընդունելի է, բոլոր պայմանները քննարկվում են մինչև ստորագրում, իսկ այս դեպքում Հայաստանն ուղղակի չի պատրաստվում միակողմանի զիջումների գնալ: