Արմեն Սարգսյանն իր քաղաքական ու գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ: Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ պետք չէ առաջ ընկնել, քանի որ վերջինս դեռ չի ընդունել Հանրապետականի առաջարկը:
Շարմազանովի խոսքերով, Արմեն Սարգսյանն այն եզակի գործիչներից է, ով դեսպան է նշանակվել ՀՀ բոլոր 3 նախագահների կողմից:
Պատասխանելով այն դիտարկմանը, որ Սարգսյանը դրսից բերված է՝ ԱԺ փոխխոսնակը հարց բարձրացրեց, թե ինչ է նշանակում դրսից բերված: Շարմազանովը նշեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի կողմից նշանակվել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում դեսպան և արդարացի չեն այդ խոսակցությունները՝ կապված դրսից բերելու հետ:
Ասուլիսին ԱԺ փոխխոսնակը խոսեց նաև հունվարի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած լսումների մասին, որոնք հրավիրվել էին գնաճի համար:
Շարմազանովի խոքերով, լսումներն արդյունավետ էին, քանի որ դրանց նպատակն էր լսել բոլոր շահագրգիռ կողմերին, ստանալ առաջարկներ, ինչպես նաև պատասխանել հանրությանը հուզող հարցերին, ինչն էլ տեղի է ունեցել: