Հասարակություն Տնտեսություն 

Ո՞ր դեպքում է գործազուրկը ճանաչվում անմրցունակ. Կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահո­վող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» որոշման  մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ:

Ըստ այս փոփոխությունների  գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե՝

1) անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ.

2) անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

4) անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

5) անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.

6) անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.

7) անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում.

8) անձը թրաֆիքինգի զոհ է.

9) անձը փախստական է.

10) անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում.

11) անձը առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված.

12) անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ

13) անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան.

14) անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային.

15) անձն ունի դատվածություն և պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում»:

 

Նույն շարքից