Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Պուտինի կայունությունը խոցելի է. Զիգար

Ռուս պատմաբան Միխայիլ Զիգարը Liberation-ի լրագրող Վերոնիկա Դորմանին տված հարցազրույցում ասել է, որ«պուտինյան»  կայունությունը խոցելի է:

Իր «Ամբողջ Կրեմլյան խումբը. Ժամանակակից Ռուսաստանի կարճ պատմություն» գրքում  նա հանգել է այն եզրահանգման, որ այնպիսի մարդ, ինչպիսին Պուտինն է, գոյություն չունի: Ամեն մեկը Պուտինի մասին իր պատկերացումն ունի, նա ավելին է, քան մարդ, դա երևույթ է, և յուրաքանչյուրն այն ընկալում է ըստ իր հորինած կերպարի: Նա կարծում է, որ իշխանության գալուց հետո Պուտինը շատ է փոխվել: Նա երկարաժամկետ նպատակներ չունի, գործում է ըստ իրավիճակի և նրա էվոլյուցիայում գլխավորն այն է, որ Պուտինը հավատում է իր ամենակարողությանը: Նույնիսկ նրա շրջապատի ցինիկներն են նրան երկրպագում և հավատում:

Ըստ Զիգարի, Պուտինի գործունեության մեջ ամենապայթունավտանգ պահը եղել է 2011-2012-ին, երբ  Պուտինը զարմացավ, որ իր իսկ ջանքերով ստեղծված միջին խավը, ում վրա նա հենվում էր, շնորհակալ լինելու փոխարեն դուրս եկավ փողոց բողոքելու: Այդ ժամանակից սկսած նա շեշտը դրեց ավելի քիչ կրթված աշխատավորների, ազգայնականների  վրա, ովքեր անձնական հաճույք են ստանում  պետության նկատմամբ հարգանքի դրսևորումից: Պուտինը վերակառուցեց երևակայական սինթետիկ կայսրությունը՝ մի քիչ ստալինիզմ, մի քանի կաթիլ  մինչհեղափոխական Ռուսաստան, ուղղափառության կաթիլ և մի քանի սովետական լրացումներ: Այս հիբրիդային գաղափարախոսությունը միավորում է մարդկանց:

Սակայն, Զիգարը պնդում է, որ Պուտինի կայունությունը խոցելի է: Այսօր ՌԴ-ում չկա մեկը, ով կարող է խոսել Ռուսաստանի ապագա մասին, այն վերածվել է ապագա չունեցող երկրի: Կրեմլը թերահավատորեն է վերաբերվում նաև երիտասարդությանը: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ այս հեռախոսները ձեռքներին և համացանցը գլխում  ծնված երիտասարդների սերունդը բոլորովին այլ արժեհամակարգ ունի, որն ամբողջովին տարբեր է ԽՍՀՄ-ում ապրած մարդկանց արժեհամակարգից: Այս երիտասարդների համար , օրինակ, հիմնարար իրավունք է անձնական էլեկտրոնային նամակների անձեռնմխելիությունը:

Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին Զիգարը տեսակետ հայտնեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ում չկան քաղաքական գործընթացներ: Այն մարդիկ, ովքեր շահագրգռված են և ցանկանում են քաղաքական հարթակ մտնել, վերջին տարիներին վախենում են այնտեղ կորցնել ամեն ինչ, ուստի  չեն դիմում ռիսկի:

 

Նույն շարքից