Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Կարեն Կարապետյանի Դավոս այցի ամփոփում

analitik.am

Դավոսում կայացած միջազգային տնտեսական ֆորումին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները։ Փորձենք հասկանալ, թե ով ինչ օրակարգով գնաց Դավոս և ինչ ձեռքբերումներով վերադարձավ։

Հայաստանի վարչապետը չմասնակցեց որևէ նիստի հիմնական զեկուցողի, հարակից զեկուցողի կամ մոդերատորի կարգավիճակով։ Ի տարբերություն, Վրաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերին ֆորումի մասնակիցները հրավիրել էին մասնակցել որպես զեկուցող «Strategic Outlook. Eurasia» նիստին. Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա որպես մխիթարանք, հանդիսատեսի կարգավիճակով ակտիվ ծափահարեց՝ Էլթոն Ջոնի կողքին նստած։

Կարապետյանը մեկ պաշտոնական հանդիպում ունեցավ պոտենցիալ ներդրող խոշոր անդրազգային ընկերությունների առաջին դեմքերի հետ։ Այսպես՝ Կարապետյանը հանդիպեց Հայաստնում 10 տարուց ավել գործունեություն ծավալած Beeline (VEON) ընկերության ղեկավարներին։ Նշենք, որ նույն անձանց Կարապետյանը մեկ ամիս առաջ հանդիպել էր Երևանում։ Դժվար է պատկերացնել, որ մեկ ամսում Beeline-ի ներդրումային քաղաքականության մեջ կարող էր այնպիսի փոփոխություն լինել, որ վարչապետը նրանց հանդիպելու համար հասներ Դավոս։

Վրաստանի վարչապետը  հանդիպեց բազմաթիվ անդրազգային ընկերությունների՝ ներառյալ Hillwood ամերիկյան խոշոր ներդրումային ընկերությունը (լոգիստիկ ենթակառուցվածք, անշարժ գույք, առևտրային կենտրոններ), WIPRO Հնդկաստանի խոշորագույն IT ընկերություն (աշխարհի խոշորագույն IT ընկերություններից մեկը), JSW Group Հնդկաստանի ամենախոշոր կոնգլոմեռատ (11 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն ունի), Lulu Group էմիրաթական խոշոր ընկերություն (6 միլիադ դոլար տարեկան շրջանառություն) և այլն, ղեկավարների հետ։

Ադրբեջանի նախագահը հանդիպեց տասնյակից ավել անդրազգային ընկերության առաջին դեմքերի հետ։ Դրանք են՝ IT ընկերություններ`IBM, CISCO և Microsoft Europe, ներդրումային և բանկային ոլորտից՝ Blackrock, Carlyle Group, Lazard France և VTB, էներգետիկայի ոլորտ՝ British Petroleum, Royal Philips, Statoil, Chevron և Lukoil:

Մտահոգիչ է այն, որ IT ոլորտի համաշխարհային հսկաները հետաքրքրված են եղել Վրաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի հետ հանդիպմամբ, իսկ վարչապետ Կարապետյանի հետ հանդիպումից գուցե խուսափել են։

Վարչապետ Կարապետյանի ունեցած մի քանի այլ հանդիպումների վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունն անվանենք «տարօրինակ»։ Եվ ահա թե ինչու՝ Կարապետյանը ֆորումի բոլոր մասնակիցների ներկայությամբ, բուֆետում զրուցում է էմիրաթական ներդրումային ընկերության ներկայացուցչի հետ, և դա ներկայացվում է որպես հանդիպում։

Վրաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերը բուֆետներում կամ հանրային սննդի ավելի «պաշտոնական» տեսք ունեցող վայրերում (օրինակ՝ ռեստորաններում) իրենց ունեցած հանդիպումների մասին տեղեկություն չեն ներկայացրել։ Ենթադրաբար, քանի որ նրանք ունեցել են բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ, ուստի բուֆետներում կայացած «հանդիպումներ»-ի միջոցով «միավորներ» կորզելու կարիք չի եղել։

Հայաստանի վարչապետի մյուս հանդիպումը իսպանական ACCIONA ենթակառուցվածքային ընկերության ներկայացուցիչների հետ է եղել։ Վարչապետի ֆեյսբուքյան էջում չի նշվում ոչ այդ մարդկանց անունները, ոչ էլ պաշտոնները։ Հուսանք՝ ընկերության առաջին դեմքերը չեն հանձնարարել իրենց աշխատակիցներին հանդիպել Հայաստանի վարչապետի հետ։

Այնուհետև Կարապետյանը հանդիպել է մեր հայրենակից Քրիստինա Ահմաջյանին, ով ներկայացվել է որպես ճապոնական խոշոր ընկերության խորհրդի անդամ։ Նշենք, որ տիկին Ահմաջյանն աշխատում է որպես պրոֆեսոր ճապոնական համալսարաններից մեկում, և իր պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա ընդամենը քառորդ դրույքով է հանդիսանում մի քանի ճապոնական ընկերությունների խորհրդի անդամ։

Վրաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի ֆեյսբուքյան էջում ներկայացված չեն նրանց հանդիպումները քառորդ կամ կես դրույքով այլ ընկերություններում աշխատող և ընկերությունների պաշտոնական հիերարխիայում # 24 տեղը զբաղեցնող անձանց հետ։

BCG խորհրդատվական ընկերության նախկին նախագահ և նախկին գլխավոր գործադիր տնօրենի հետ վարչապետ Կարապետյանի հանդիպումը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ անվանել ներդրողի հետ հանդիպում։ Խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունները երկրներից փող են ստանում, այլ ոչ թե բերում, որովհետև իրենց խորհրդատվական ծառայություններն են մատուցում երկրներին կամ կազմակերպություններին։ Պետք է նկատել, որ մի հարթակում, որտեղ ներկա են բազմաթիվ միջազգային խոշորագույն արդյունաբերական, ենթակառուցվածքային, էներգետիկ, ֆինանսա-բանկային ընկերությունների առաջին դեմքեր, BCG խորհրդատվական ընկերությունում պատվավոր պաշտոն զբաղացրած անձի հետ հանդիպման միակ պատճառը կարող է լինել ՖԲ-ում նկար դնելը՝ անտեղյակ մարդկանց մոտ «օչոկ» հավաքելու համար։

Օտարերկրյա պետական պաշտոնյաների հետ հանդիպումների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ կրկին վարչապետ Կարապետյանը ստիպված «մանրացել է» կամ «թեթևացրել է Հայաստանի պատիվը»՝ հանդիպելով ոչ թե երկրների առաջին դեմքերի կամ գոնե փոխվարչապետների հետ, այլ... Ի տարբերություն, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները հետևել են արարողակարգին՝ հանդիպելով իրենց ստատուսին համապատասխան պաշտոնյաների հետ։

Մխիթարիչ չեն նաև միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքները. Վրաստանի վարչապետը հանդիպել է ՄՕԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Վրաստանը ցանկանում է հյուրընկալել 2030-ի ձմեռային օլիմպիական խաղերը։

Ալիևը հանդիպել է Դավոսի ֆորումի նախագահին՝ ցանկություն հայտնելով Դավոսի տարածաշրջանային ֆորումը կազմակերպել Բաքվում։

Հայաստանի վարչապետը, սակայն, հանդիպել է աղքատ երկրների հետ աշխատող երեք դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ամփոփելով նշենք, որ տարածաշրջանային IT կենտրոն հանդիսացող երկրի ներդրում ներգրավել փորձող վարչապետը փաստորեն գնացել էր Դավոս, որպեսզի Beeline-ի ղեկավարներին հանդիպի։

Հեղինակ՝ Գարիկ Մաթոսյան

Նույն շարքից