Քաղաքականություն 

Հայրիկյանը վաղվանից նստացույց է սկսում նախագահականի մոտ

analitik.am

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 29-ին անցկացնելու է արտոնված հանրահավաք, բայց նոյեմբերի 26-ից նախագահի նստավայրի դիմաց մի քանի ԱԻՄ-ականերով նստացույց են անելու՝ «Վիլնյուս կամ հրաժարական» և այլ բովանդակություններով պաստառներով։ Այս մասին NEWS.am-ի փոխացմամբ  նոյեմբերի 25-ին ասել է  Պարոյր Հայրիկյանը։

«Նոյեմբերի 28-29-ին նախագահը պետք է Վիլնյուսում լիներ և մեր ժողովրդի անունից դրական արձագանքեր Եվրոպական Միության հետ ընկերային հարաբերությունների կայացմանը՝ ոչ թե անդամությանը, այլ մերձեցմանը: Սակայն հանկարծ հայտարարվեց, որ Հայաստանը անդամագրվելու է Մաքսային միությանը, ինչը հանկարծակի էր նաև իր՝ նախագահի համար, որովհետեւ չեմ կարծում, որ այդ աստիճանի անհետեւողական կարող ա լիներ, քանի որ նրան վաղուց եմ ճանաչում»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 Հայրիկյանը հիշեցրեց՝ Եվրոպական Միությունը գործում է ավելի քան 60 տարի, իսկ Մաքսային միությունը զրոյական վիճակում է. «Մաքսային Միությունը ուղղակի փորձարկում է: Հայ ժողովուրդը ճագար չի, հայերը ճագարներ չեն, որ ենթարկվեն ինչ-որ 3 բռնապետերի հավակնություններից բխող փորձարարական առաջարկին»:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ժողովրդի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը, բայց այդ մարդկանց մի մասը անկախության կողմնակից է: «Իրենք ասում են՝ ոչ մեկին չմիանանք: Այդ տեսակի մարդկանց պիտի ասեմ՝ ոչ մեկդ ինձանից անկախական չեք, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ մենք Մաքսային Միության անդամ դառնալիս կորցնում ենք մեր անկախությունը, իսկ Եվրոպական միությունը այս փուլում մեզ ընդամենը առաջարկում է հարաբերությունների սերտացում, ազատ առեւտրի գոտի»,-ասաց ԱԻՄ նախագահը:

Հայրիկյանը ասաց, որ Ռուսաստանը պայմանագրով պարտավորվում է Հայաստանի անվտանգությանը աջակցել, սակայն Ռուսաստանը ոչ մի կերպ չի արձագանքում սահմանին անընդհատ հնչող կրակոցներին. «Ռուսաստանն այսօր իր դերը չի կատարում, ի՞նչ երաշխիք, որ վաղը պիտի կատարի, ինչի մեզ պիտի ստրկացնենք»։

ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ Հայաստանը գործ ունի երեք դիկտատուրաների հետ. «Լուկաշենկո, Պուտին և Նազարբաև, որոնք աշխարհով մեկ ճանաչված են որպես դիկտատորներ: Ես իմ ժողովրդին պետք է տանեմ դեպի դիկտատորների հետ համագործակցությո՞ւն, որը դեռևս ոչ մի քայլ չի կատարել, դիկտատորի հետ հարաբերությունը մեկն է՝ դառնալ իրենց քմահաճույքների խաղալիքը», - ասել է Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ մյուս կողմում ժողովրդավարական 27 պետություններից կազմված դաշինքն է, որը տալիս է հնարավորություն՝ հզորացնել մեր կարողությունները:

Նրա խոսքով՝ Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա էր, սակայն նրան ստիպեցին շեղվել ճիշտ ճանապարհից: «Հարգելի Սերժ Սարգսյան, դու ասել ես, որ դու կողմ ես և´ նրան, և´ նրան: Դե հիմա գնա և նրանը ստորագրի Վիլնյուսում, ներողություն խնդրի թյուրիմացության համար եւ ստորագրի»,-ասաց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը վստահ է, որ իրենց ձեռնարկած քայլերով կարող են ազդել նախագահի վրա, այն իմաստով, որ նախագահը Վիլնյուսին պատշաճ կերպով վերաբերվի, ոչ թե արտգործնախարարին ուղարկի, այլ անձամբ  գնա և մասնակցի բանակցություններին:

 Իր հանրահավաքով Հայիկյանն աշխարհին ուզում է ցույց տալ, որ հայ ժողովուրդը ստրկացված չէ։

Նույն շարքից