Քաղաքականություն 

Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

analitik.am

Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների՝ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը՝ որպես այլընտրանք նախատեսելով տեսաձայնագրառումը եւ մասնագետների կամ փորձագետների մասնակցությունը, ինչը կապահովի քննության արդյունավետությունը եւ օբյեկտիվությունը:

Հանձնաժողովը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել դատական նիստի լուսանկարահանում, տեսաձայնագրում, ինչպես նաեւ հեռարձակում ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, եթե առկա է դատավարության մասնակիցների համաձայնությունը: Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինն առարկում է, ապա նա պարտավոր է հիմնավորել, որ նման սահմանափակումն անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ ՀՀ դատական օրենսգրքին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամսով:

«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

Նույն շարքից