Քաղաքական 

Ըստ Դավիթ Հարությունյանի, կառավարության դռնփակ նիստերը թույլ կտան ավելի անկաշկանդ գործել

Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ արադարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ բացատրեց, թե ինչու է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարվում, ինչի արդյունքում կառավարության նիստերը դռնփակ են դառնալու:

Հարությունյանի խոսքերով, այն, որ նիստերը դռնփակ են դառնալու, դա դեռ չի նշանակում, որ կառավարության գործունեությունը թափանցիկ չի լինելու: Հենց դրա համար է, որ վարչապետի վրա պարտավորություն է դրվում՝ ապահովել գործադիրի գործունեության թափանցիկությունը:

Ինչ վերաբերում է դրան, թե ինչու են նիստերը դռնփակ լինելու, ապա Հարությունյանն ասաց, որ դա թույլ կտա գործադիրի անդամներին ավելի անկաշկանդ լինել. «Եթե դուք ձեր ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա լինի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ: Դուք ստիպված հաշվի կառնեք երրորդ անձի ներկայությունը: Ձեր բանավեճը կամ ձեր փաստարկները ներկայացնելիս հաշվի կառնեք այլ անձանց ներկայությունը»:

Նրա խոսքերով, Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ կառավարության նիստերը դռնբաց են, իսկ հիմա, բազմաթիվ երկրների փորձն ուսումնասիրելուց հետո, մեզ մոտ էլ են այդ նիստերը փակ լինելու:

Ընդ որում, նիստերը դռնփակ են լինելու ոչ միայն լրագրողների, այլ նաև կառավարության անդամ չհանդիսացողների համար:

Նույն շարքից