Քաղաքականություն 

Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ. 2 ցուցարար զրկվել է աչքից. ուղիղ միացում

analitik.am

Ուկրաինայի ուժայինները փորձել են քանդել կենտրոնական Գրուշևսկու փողոցում՝ «Դինամո» մարզադաշտի մուտքի մոտ, ցուցարարների տեղադրած բարիկադները, սակայն նրանց դիմադրել են ակտիվիստները։

 

Ինչպես նշում է korrespondent.net կայքը, ցուցարարները սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ, ինչից հետո վերջինները նահանջել են՝ հետ գնալով 50 մ։

 

Ցուցարարների ու իրավապահների շարքերի միջև շարունակում են վառվել անվադողեր, իսկ ուժայինների կողմից անդադար աշխատում են ջրցան մեքենաները, որոնք ուղղված չեն ակտիվիստներին, սակայն չեն էլ կարողանում մարել կրակը։

 

Միևնույն ժամանակ ուժայիններն ամրապնդել են իրենց դիրքերը Գրուշևսկու փողոցի վերին հատվածում ու Մարիինյան այգում, որի մուտքի մոտ տեղակայված են բեռնատարներ ու ծանր տեխնիկա։ Իրավապահներն ընդգծել են, որ իրավիճակը վերահսկվում է և որ կիևցիները կարող են հանգիստ քնել։

 

Ինչ վերաբերում է իրավապահների ու ցուցարարների միջև բախումներին, ապա դրանց հետևանքով ամեն 15 րոպեն մեկ բուժկետեր են դիմում 1-2 վիրավոր, նշում է korrespondent.net կայքը։ Աղբյուրը հայտնում է, որ վերջին ժամերի ընթացքում առնվազն 2 մարդ զրկվել է աչքից։

 

Բժիշկները դեռևս կարողանում են անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել տուժածներին՝ չնայած որ անցած օրերի ընթացքում նրանց դիմել են մի քանի տասնյակ ակտիվիստներ։

Հիշեցնենք, որ երեկ իրավապահների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով եղել են զոհեր, որոնց թվում նաև 22-ամյա հայ Սերգեյ Նիկոյանը։

Նույն շարքից